ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամություն ունեցող անձինք կոնկրենտ ի՞նչ արտոննություններ ունեն: Ինչի՞ց կարող են օգտվել:
Սիլվա Հարությունյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ուսումնական հաստատություն ընդունվելիս նույնպես ունեն որոշակի արտոնություններ: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: