«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է, ԵՍ ԵՄ ԵՐԳԵՐՍ ԳՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գործունեությունը պասիվացնելու, շոուբիզնեսյան քաոսի եւ դրա խրախուսողների մասին զրուցել է երգիչ Արմոյի հետ։

-Արմո՛, ի՞նչ անակնկալներ եք պատրաստում երկրպագուների համար։ Նոր մտահղացումներ կա՞ն։
-Քանի որ մեր երկրում ֆինանսական ճգնաժամ է, երգերս սկսել եմ գրել ես, արդեն չորս տարի է՝ այդպես է։ Սա ասում եմ կես կատակ-կես լուրջ։ Կան երգեր, որոնց վրա սկսել ենք աշխատել մի քանի օր առաջվանից։ Ի դեպ, ասեմ, որ դուետի միտք եւս ունեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի։
-Վերջին շրջանում կենդանի համերգներով հանդես չեք գալիս, ինչո՞ւ։
-Արդեն միայն կոորպորատիվների ժամանակ եմ երգում, նաեւ համերգների, եթե, իհարկե, լինում են։ Բայց ես կասեի՝ ոչ թե համերգներ չկան, այլ համերգ գնացողներ։
-Բայց շատ արտիստներ համերգներ են կազմակերպում Մարզահամերգային համալիրում, կարողանում են լցնել դահլիճները։
-Դե լավ է։ Բայց մի բան ասեմ՝ մենահամերգներից զատ նախկինում գոյություն ունեին հավաքական համերգներ, հիմա՝ ոչ։ Եթե գործարարներն իմանային, որ դրանք կարող են շահույթ ապահովել, անպայման կզբաղվեին այդ համերգների կազմակերպմամբ։ Բայց մարդիկ գիտեն, որ տոմս առնողներ չեն լինի։
-Նկատի ունեք՝ մարդկանց սոցիալական վիճակն այնքան է վատացել, որ նույնիսկ տոմս գնելու հնարավորություն չունե՞ն։
-Այո՛, մարդիկ չեն կարող, օրինակ, 5000 դրամ տալ ու գնալ համերգի, իսկ եթե պետք է, օրինակ, ընտանիքով գնան, 15.000-20.000 դրամ ինչպե՞ս վճարեն, դա ոմանց աշխատավարձի կեսն է կազմում։
-Արմո՛, իսկ արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք։
-Ունեմ, բայց մերժել եմ, քանի որ ինքս ինձ արձակուրդ եմ տվել երկու տարով։ Ուզում եմ տեսնել՝ ով ինչ է երգում, որ հասկանամ՝ ես ինչ եմ երգում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչ է կատարվում, առհասարակ, երգարվեստում։ Մտածում եմ՝ խառն է ընդհանուր վիճակը։ Եթե պետք է երգեմ մի բան, որ երգում են տասնյակ հոգիներ, չեմ ուզում երգել։ Վերջին շրջանում չես տարբերում՝ ով ինչ է երգում։ Այնպիսի տպավորություն է, որ մի հոգի է երգողը, բայց տարբեր մարդկանց դեմքով։
-Այսօր շոու-բիզնեսում պիկային հաջողությունը երգչի համար ո՞րն է համարվում։
-Մարզահամերգային համալիրը լցնելը։
-Շատերն ասում են՝ «Եվրատեսիլ» գնալն է արտիստի համար պիկային։
-Բայց «Եվրատեսիլ» ո՞նց կարելի է գնալ։ «Եվրատեսիլ» չեն գնում, «Եվրատեսիլ» տանում են։ Այն մարդը, որը ուզում է մասնակցել միջազգային այդ մրցույթին, տանջվում, երգ է պատրաստում, բայց չի գնում, որովհետեւ արդեն երկու տարի առաջ որոշված է լինում, թե ով պետք է գնա մրցույթին։
-Ձեր ոլորտում ամենաշատը ի՞նչն է Ձեզ մտահոգում։
-Սիրո բացակայությունը։ Ամեն բանի հիմքը սերն է։ Ցանկացած բանի մեջ եթե սեր չկա, դա ոչինչ է, անիմաստ բան։
-Բայց հիմա շատերն անորակ երաժշտություն են մատուցում եւ ասում են, որ սիրով են անում դա։
-Դե, եթե տվյալ մարդու կարողություններն այդքան են, նրանից ի՞նչ պահանջենք. այդ մարդու ճաշակն էլ դա է։
-Արդյո՞ք խնդիրը նաեւ խրախուսողների մեջ չէ։
-Եթե մեկը մի բան է անում, եւ նրան երկու հոգի ծափահարում են, վաղը նա կսկսի անել ավելի մեծ բան, կհայտնվեն ավելի շատ ծափահարողներ։ Իսկ մարդուն ինչքան շատ են ծափահարում, այնքան նա ոգեւորվում է, ինչքան ոգեւորվում է, այնքան խորացնում է իր արատավոր գործի հիմքերը։
-Արմո՛, շոու-բիզնեսում շատ ընկերներ ունե՞ք։
-Բոլորն էլ իմ ընկերներն են, բայց առավել մտերիմ եմ Գեւորգ Մարտիրոսյանի, Դավիթ Թուջարյանի հետ։
-Իսկ մեր երգիչ-երգչուհիներից ու՞մ ներկայացրած արվեստն եք հավանում։
-Գիտեք՝ ինչպես է, լինում է՝ լսում եմ մի բան, դուրս գալիս է, ասում եմ՝ վայ, ինչ լավ երգ է, ոճային կատարող, ոչ մի տհաճ բան չի անում, ներկայացնում է մի բան, որը կարող ես 2-3 տարեկան երեխայիդ հետ նստել-լսել։ Մտածում ես՝ հայտնվել է խելացի մեկը, որը հասկացել է, որ պետք է իրեն քրիստոնյայի նման պահի, մեկ էլ հաջորդ տեսահոլովակը «վարի է տալիս» այդ տպավորությունը։ Չի հանդիպում մեկը, ով չշեղվի այդ ուղուց։ Հարցնում ես՝ ինչու, ասում են՝ փող ենք աշխատում։ Դե, ինչ արած, չես էլ կարող մեղադրել։ Մեր գործը այս ամենի հիմնային պատճառները, այսինքն՝ արմատները գտնելը եւ վերացնելը պետք է լինի։ Իսկ մինչ այդ սպասենք։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՋԱԶԸ

Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է։ Այդ առթիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանելու հանձնարարություններ է տվել իր աշխատակազմի մշակույթի, արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին։

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ջազ երաժիշտ Միշ Ամիրյանի հետ։ Նա նկատեց, որ հիմա Երեւանում շատ մոդայիկ է դարձել ջազ լսելը, բայց քչերն են հասկանում իսկական ջազից եւ, առհասարակ, որակյալ երաժշտությունից. «Թեպետ պետք է ասեմ, որ ջազի՝ մոդայիկ լինելն էլ կարող է իր դրական հետեւանքներն ունենալ։ Եթե մարդիկ նույնիսկ ձեւական գալիս-լսում են ջազ, այն, միեւնույն է, մնում է նրանց ենթագիտակցության մեջ»։
Մյուս կողմից էլ երաժիշտը նշեց, որ հասկանալի է ջազի՝ նեղ լսարան ունենալու հանգամանքը. չէ՞ որ այն բարդ ընկալելի ժանր է. «Պարզապես ցավն այն է, որ ոչինչ չի արվում, որ մարդիկ հակված լինեն դեպի որակյալ ջազը, սեր տածեն այդ ուղղության նկատմամբ»,-շեշտեց Միշ Ամիրյանը։
Նրա խոսքով՝ ո՛չ ռադիոյով, ո՛չ հեռուստատեսությամբ անորակ երաժշտության նկատմամբ որպես այլընտրանք ջազ չի քարոզվում։ Ինչ վերաբերում է ջազի՝ պետության կողմից աջակցություն ստանալուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Պետության կարծիքով՝ ինքը ֆինանսավորում եւ աջակցում է ջազը, բայց աջակցելն այն կլինի, եթե պարբերաբար դրսից հրավիրվեն լավ երաժիշտներ, արտիստներ, որոնք մաստեր-կլասներ կանցկացնեն մեր երաժիշտների հետ, կսատարեն ջազին, եթե մասշտաբային համերգներ կազմակերպվեն։ Տարբեր ակումբներ փորձում են այդ գործառույթները ստանձնել, սակայն դա քիչ է, այդ ամենը մեծ ծախսերի հետ է կապված»։
Իսկ եզրափակիչ հարցին, թե երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում կան արդյո՞ք խոստումնալից կադրեր, Միշ Ամիրյանը պատասխանեց. «Շատ լավ երաժիշտներ կան, չեք էլ պատկերացնի, թե ինչքան շատ։ Բայց նրանք մնան Հայաստանում, ի՞նչ անեն, մնան, որ ամեն երեկո ակումբներում երկու կոպեկով նվագե՞ն»։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՇԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` «Ռեալի» հետ խաղի վերջին վայրկյաններին նշանակված 11 մետրանոցից հետո մադրիդյան թիմի ֆուտբոլիստների ուղղությամբ ժեստեր է ցուցադրել` ակնարկելով մրցավարին կաշառելու մասին: Հիշեցնենք` մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց է նշանակել այն բանից հետո, երբ «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսն ընկավ «Յուվենտուսի» տուգանային հրապարակում: Մրցավարը կարծեց, թե իբր թուրինցիների պաշտպան Մեհդի Բենատիան հրել է մադրիդցիների ֆուտբոլիստին, որից հետո նշանակեց 11 մետրանոց տուգանային հարված: Կրիշտիանու Ռոնալդուն էլ իրացրել է այն, ինչի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Կեղծիքներով, իհարկե, բայց սա «Ռեալի» ոճն է:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ 98-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականն Իսրայելի հետ կիսում է 98-րդ տեղը։ Նախորդ հրապարակումից հետո 2 հանդիպում անցկացրած հայկական թիմը նահանջել է 7 աստիճան եւ ունի 347 վարկանիշային միավոր: Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիները: Բելգիան բարձրացել է երրորդ տեղ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան չորրորդն է: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Լեհաստանը:
Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 77-րդն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ նվազագույն հաշվով պարտվելով Լիտվայի։

 

 

ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մտադիր է սեփական ակադեմիան հիմնել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Թենիսի ակադեմիան կարող է տեղակայվել Բոկա Ռետոն քաղաքում։ Նոր ակադեմիայում թենիսի 37 կորտ կլինի, մի քանի ռեստորան եւ խանութ: Կայացել է նախագծի ցուցադրումը: Նախագծի քննադատներն ընդգծել են ակադեմիայի չափազանց մեծ տարածքը: Եթե նախագիծն ընդունվի, կորտերի 60%-ը բաց կլինի, իսկ 40%-ը նախատեսված կլինի մարզիչների եւ այն մարդկանց համար, ովքեր կմարզվեն ակադեմիայում: Ենթադրվում է, որ ամենամյա եկամուտը 1.5 մլն դոլար կկազմի:




Լրահոս