Կրթությունն աշխարհում արագ է փոխվում. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ առկա համագործակցությունը՝ մատնանշելով նոր ծրագրերի մտադրության մասին: «Միջազգային կառույցների հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է և այդ առումով, ակնկալում եմ, որ կրթության ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունն ավելի կակտիվանա: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցությունների շրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ ազդեցություն չեն թողնում կրթության, մասնավորապես՝ հանրակրթության վրա: Այս առումով նպատակահարմար է, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները լինեն ավելի շատ ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շեյն Ռոզենտալին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության համակարգը: Հանդիպման ընթացքում Ռոզենտալը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանի դպրոցների հիմնանորոգման ծրագրի առաջնահերթությունները, դպրոցների ընտրության կարգն ու ներկա իրավիճակը: Պարոն Ռոզենտալը տեղեկացրել է, որ բանկի խորհրդատուները ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել նաև Հայաստանում հանրակրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ մասնավորապես կարևորելով դպրոցների կառավարման խորհուրդների և մասնավոր դպրոցների ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Շեյն Ռոզենտալին՝ մեր երկրի կրթության ոլորտի մարտահրավերներին ամբողջությամբ տիրապետելու համար՝ մատնանշված հիմնախնդիրներից ընդգծելով Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արմատապես վերափոխելու անհրաժեշտությունը: «Առավել ուրախ էի լսել այս ամենը, քանի որ Դուք ամբողջությամբ պատկերացնում եք մեր կրթության ոլորտը: Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված (ԿԱԻ) բազմաթիվ խնդիրներ ունենք, և կարծում ենք, որ այստեղ է հանրակրթության ոլորտի շրջադարձային բարեփոխման բանալին:

Մենք ԿԱԻ բարեփոխումների հետ կապված շատ լուրջ լուծումներ և ծրագրեր ունենք, ընդ որում արդեն ունենք թիմ, որը կոնկրետ զբաղվում է այս խնդրով: ԿԱԻ-ին շատ ծանր և դժվար առաջ գնացող մարմին է, մինչդեռ կրթությունն աշխարհում շատ արագ է փոխվում՝ հատկապես հանրակրթությունը և մենք չենք հասցնում արագ արձագանքել այդ փոփոխություններին»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Դպրոցների կառավարման խորհուրդների բարեփոխման վերաբերյալ՝ ԿԳ նախարարը նշել է դրանց ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նախկինում կրթության համակարգը և դպրոցների տնօրեններից շատերը ծառայում էին իշխանությունների վերարտադրողականության ապահովմանը, որը շատ բացասական էր ազդում կրթության որակի վրա: Ինչ վերաբերվում է մասնավոր դպրոցներին, Արայիկ Հարությունյանի նշել է, որ թեպետ այնտեղ բավականին դրական փորձ է կուտակվել, սակայն մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա, քանի որ հանրակրթության մեջ մեծ ներդրումը՝ առաջին հերթին պետք է կատարի պետությունը: Անդրադառնալով պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:




Լրահոս