Հասմիկ Կիրակոսյանը, որ տեւական ժամանակ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի մշակույթի վարչությունը, շուտով կհայտնվի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակազմում: Նա, ըստ շրջանառվող լուրերի, կզբաղեցնի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը` հիմնականում զբաղվելով մշակութային խնդիրներով: Այդ քայլով քաղաքապետը նպատակ ունի ամրացնել թիկունքը: Հասմիկ Կիրակոսայանը այն գործիչներից է, որը աշխատել է տարբեր իշխանությունների օրոք: Վերջինս 1996 թվականից եղել է մարզպետարանի մշակույթի բաժնի պետը, իսկ 2009 թվականից մինչ օրս մարզպետի խորհրդական էր:
Հասմիկ Կիրակոսյանը պաշտոնաթող եղավ վերջերս` թավշյա հեղափոխությունից հետո, երբ Շիրակի մարզը սկսեց ղեկավարել Կարեն Սարուխանայանը: Աշխատաքի անցելուց օրեր անց Հասմիկ Կիրակոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Թե ինչ հանգամանքներում, չհստակեցվեց, պարզաբանում տրվեց, որ գործիչը վաստակած հանգստի է անցնում, տարիքն էլ արդեն թոշակային էր:
Սակայն մշակութային գործչի տարիքը չխանգարեց Սամվել Բալասանյանին. թե ինչու է քաղաքապետը նման որոշում կայացրել, չհստակեցվեց: Քաղաքապետարանից հայտնեցին, որ պաշտոնական նշանակում դեռ չի եղել: Համիկ Կիրակոսյանը չհերքեց, որ առաջարկ եղել է, եւ հենց այն ժամանակ, երբ թողել է մարզպետարանում իր պաշտոնը. ,Ոնց կարող եմ այդ առաջարկը չընդունել, երբ իմ մեջ այդ էներգիան, իներցիան, քաղաքի սերը կա, ես կարո՞ղ եմ տունը նստել, որ նստեի տունը, գրասենյակի կվերածեի ու կսկսեի աշխատել, թեկուզ առանց աշխատավարձի: Մարզպետարանում իմ հաստիքը կրճատվեց, ես դրա համար դուրս եկա: Իսկ Սամվել Բալասանյանը ճիշտ պահին, իմ կյանքի մայրամուտին շատ խոհեմ քայլ արեցե,- ասաց Հասմիկ Կիարակոսյանը: