Կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նամակով կդիմի գործընկեր հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ իրենց ենթակայության տարածքային կառույցներում համապետական շաբաթօրյակի աշխատանքները պատշաճ, խնամքով և ներդաշնակեցված կազմակերպելու նպատակով։

Վաչե Տերտերյանը խիստ կարևոր է համարել շաբաթօրյակին տարածքային կառավարման մարմինների կողմից հնարավոր մարդկային և տեխնիկական ռեսուրսների մոբիլիզացումը, գործադիր իշխանության, մարզային բոլոր կառույցների, հանրային և կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և քաղաքացիների ներգրավումը և ընդգծել, որ առաջիկա շաբաթ օրը լավ առիթ է համախմբված ակցիայով փոքր ինչ բարելավել ոլորտում առկա վիճակը։

«Շաբաթօրյակին պետք է մասնակցեն ոչ միայն պետական և համայնքային նշանակության կառույցների աշխատակիցները, այլև ողջ բնակչությունը։ Միայն այս կերպ հնարավոր կլինի մասայականացնել միջոցառումը և տեղ հացնել «Մաքուր Հայաստան» գաղափարի կրթական և դաստիարակչական բաղադրիչը»,- ասել է Վաչե Տերտերյանը։

Փոխնախարար Տերտերյանը ներկաների հատուկ ուշադրությունն է հրավիրել առավել ռիսկային և մեծ հոսքեր ունեցող զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքներում աղբահանության աշխատանքները ամենօրյա ռեժիմով կազմակերպելու վրա և հայտնել, որ այս հարցում իրենց աջակցությունը կցուցաբերեն «ՀայԱվտոՃան» ՊՈԱԿ-ը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական պետական տեսչությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը:

Միաժամանակ Վաչե Տերտերյանը ՀՀ ոստիկանությանը խնդրել է առավել խիստ և պահանջկոտ գտնվել չսահմանված վայրերում քաղաքացիների կողմից աղբ նետելու դեպքերը արձանագրելու և վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու հարցում, քանզի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության գիտակցումը պետք է ուղենշային լինի յուրաքանչյուրի համար։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նիստին քննարկվել են նաև «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրան և բարեկարգման աշխատանքների սխեմաները, փակման ենթակա աղբանոցների փակման կազմակերպչական գործողությունները:




Լրահոս