Շանթ Հարությունյանի դիրքորոշումը հայտնի է. նա իշխանություններից մի փոքր այլ բան է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից` ինչու չի լուծվում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցը:

«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա: Մենք ստացել ենք գրություն, որտեղ ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ էլ ռեժիմը փոխելով։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել՝ դիմակավորված սպեցնազը մտնի ու բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը էլ ներս չկարողանա մտնել»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հարությունյանի՝ իրեն արդարացնելու մասին պահանջին, վարչապետի թեկնածուն ասաց, որ «շատ արդարացի պահանջ է»։

«Նա պահանջում է իրեն արդարացնել։ Իսկ ո՞վ պետք է արդարացնի։ Դատարանը, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, որ նրա պաշտպանները համապատասխան հայցով դիմեն դատարան։ Բայց մինչև այժմ չեն դիմել։ Ես հիմա եթե ասեմ՝ գնացեք դիմեք դատարան, ինձ կասեն՝ բա դու, որ էդպես ես ասում, դատարանը կարդարացնի՞։ Հետո կառաջանա խնդիր՝ ես զանգեմ դատավորին, ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ, ասեմ արդարացրու, վաղը կզանգեմ կասեմ՝ կալանավորի։ Դա անխուսափելի է»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն։

ArmLur.am-ը վարչապետի պաշտոնակատարից հետո Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ չի դիմում արդարացման պահանջով:

Ի պատասխան` փաստաբանը նշեց, թե հեղափոխությունից հետո Շանթ Հարությունյանը գտնում է, որ հեղափոխությունից ոչ թե ինքը պետք է զբաղվի արդարացման հարցերով, այլ իշխանությունները նախաձեռնեն արդարացումը:

«Տվյալ դեպքում դատախազությունը պետք է այդ հարցով զբաղվեր»,- Շանթ Հարությունյանի դիրքորոշումը մանրամասնեց նրա պաշտպանը:

Եվ այստեղ հարց է առաջանում` արդյոք դատախազությունը «ինքնակամ» կարդարացնի Շանթ Հարությունյանին` հաշվի առնելով 5 տարի առաջ Մաշտոցի պողոտայում կազմակերպված ակցիաները, որոնց ընթացքում տուժեց մոտ քսան մարդ, այդ թվում 8 ոստիկան:




Լրահոս