Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի աղմկահարույց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Ըստ նախագահականի հաղորդագրության. «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաեւ ներկայացված Օրենքի փոփոխությունները իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերեւույթ սահմանադրաիրավական խնդիրների մասին»:
Արմեն Սարգսյանի որոշումը միանգամայն սպասելի էր: Ավելին` եթե անեղծ, նա չուներ այլընտրանք: Սա միանգամայն պարզ պատճառով. ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկն ԱԺ-ում ներկայացվեց այսրոպեական քաղաքական խնդիր լուծելու համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, հասարակությանն «ինադու»: ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները համաձայնել էին աղմկահարույց փոփոխություններին կողմ քվեարկել ընդամենը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ դեմարշ անելու նպատակով: Միայն թե եթե հիշում եք, ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ուժերի պահվածքը հարուցեց մեծ զայրույթ` արժանանալով հասարակության դիմադրությանը: Դրանից հետո բնական էր, որ Արմեն Սարգսյանը չի փորձի որեւէ կերպ սրել իրավիճակը, մանավանդ այսօրվա լարված իրավիճակում: Ի վերջո, մարդիկ առաջիկա երկու շաբաթների ընթացքում սրտատրոփ սպասում են՝ արդյոք խորհրդարանական ուժերից որեւէ մեկը կփորձի իրավիճակից օգտվելով հեղաշրջման փորձ անել` վարչապետի իր թեկնածուն առաջադրելով ու ընտրելով, թե այնուամենայնիվ, հավատարիմ կմնան իրենց խոստմանն ու կգնան ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով: Նաեւ պարզ է, թե ինչ կլինի, եթե խորհրդարանական որեւէ ուժ փորձի խանգարել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Այնպես որ, նախագիծը չստորագրելով ու ՍԴ ուղարկելով` Արմեն Սարգսյանը ե՛ւ հասարակությանը, ե՛ւ խորհրդարանական ուժերին հստակ ուղերձ է հղում՝ ինքը «սպիտակ է», դեմ է լինելու «սեւերի» հակահեղափոխության ցանկացած քայլի` աջակցելով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը: Սա, թերեւս, պետականամետ գործչի քայլ է, երբ փորձում է իր հերթին անել ամեն ինչ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: