ՀՀ Վայոց ձորի 29-ամյա ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանն ունի ընդամենը երկու տարվա աշխատանքային փորձ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Տրդատ Սարգսյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակել են Հանրային ռադիոյի շենքի վրա հարձակվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք արդեն երկու շաբաթ է` մարզպետ եք, այս ընթացքում ի՞նչ եք արել:
-Նշանակումից հետո մի քանի օր ոչ աշխատանքային են եղել, բայց այդ օրերին էլ խաղողագործները խնդիր ունեին մթերման հետ կապված: Ավելի քան 40 տոննա խաղող էր մնացել, որը չէին կարողանում մթերել: Խնդրի առաջ էին կանգնած, բայց արդեն խնդիրը լուծվել է, եւ խաղողը մթերվել է: Վերամշակող գործարանները արդեն մթերել էին իրենց անհրաժեշտ քանակի խաղողը, եւ հակառակի պես այս տարի խաղողի բերքը նախորդ տարիների հետ համեմատ շատ է: Վերջին տվյալներով` արդեն ավելի քան 4000 տոննա խաղող է մթերվել միայն մեր մարզից: Արդյունքում վերամշակողները չեն ցանկացել ընդունել խաղողը եւ գնի հետ կապված չէին բարիշում երկու կողմերը: Դա ենք կարգավորել…
-Այսինքն` մթերողի՞ն եք ստիպել գնել:
-Ոչ, այսօր ում կարող ենք ստիպել, բանակցել ենք, երկու կողմերը` ե՛ւ գյուղացիները, ե՛ւ գործարանի ղեկավարությունը, մի գնի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Հիմա էլ խաղողի մթերումը շարունակվում է: Այս խնդիրն է կարգավորվել, երբ առաջին օրն անցել եմ մարզպետի աշխատանքին: Մյուս խնդիրները ուսումնասիրում եմ: Յուրաքանչյուր գյուղ իր խնդիրն ունի, չլուծված հարցերը: Ամեն օր բողոքներ ենք ստանում: Այսօր բողոքի խումբ եմ (նկատի ունի երեկ) ընդունել. Վայք-Եղեգնաձոր-Երեւան երթուղին սպասարկող վարորդներին, դժգոհություն ունեն գծատիրոջ հետ կապված, փորձում ենք դա կարգավորել:
-Պարո՛ն Սարգսյան, մարզպետարանում ներքին աուդիտ անցկացնելո՞ւ եք:
-Մարզպետարանում աուդիտ անցկացվում է: Հիմա չնայած համայնքներում եւ մարզի բուժհիմնարկներում ենք ստուգումներ իրականացնում: Արդյունքերը ամփոփման փուլում են եւ առաջիկայում կհրապարակվի:
-Խախտումներ, չարաշահումներ հայտնաբերվե՞լ են:
-Դե դեռ ամփոփվում են արդյունքները, վերջնական չեմ ուզում ասել, թե ինչ է հայտնաբերվել:
-Իսկ մարզպետարանում կադրային փոփոխություններ սպասվելո՞ւ են, թե՞ ոչ: Կադրային ջարդ անելո՞ւ եք:
-Կադրային ջարդ չեմ անելու, բայց աշխատակազմում կադրային փոփոխություններ հաստատ կլինեն:
-Ձեզ ո՞ր արժանիքի համար են նշանակել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում:
-Արժանիքի հետ կապված խնդրում եմ` պարոն Փաշինյանից հետաքրքրվեք: Բայց, ամեն դեպքում, ծառայելու եմ հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացուն եւ անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:
-Ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոյի շենքը գրավելու, ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել, եւ հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ:
-(ծիծաղում է-Ս.Հ.) Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա:
-Պարո՛ն Սարգսյան, փաստորեն Դուք ունեք երկու տարվա աշխատանքային փորձ. 2016 թվականի փետրվարից աշխատել եք մինչեւ հուլիս «Համալսարանականներ» համատիրությունում որպես կառավարիչ...
-Այո, ես մինչ այդ սովորել եմ համալսարանում եւ երկու մասնագիտություն եմ ձեռք բերել. սովորել եմ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության, ապա իրավագիտության ֆակուլտետում: Ինչից հետո ընդունվել եմ «Համալսարականներ» համատիրություն աշխատանքի որպես կառավարիչ: «Համալսարանականներ» համատիրությունը Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի կառավարման մարմինն է…
-Բայց հանրության մեջ հայտնի է, որ համատիրության աշխատողները, նախագահները սովորաբար միշտ աշխատել են ՀՀԿ-ի համար եւ ընտրություններին իրենց օգտին ձայներ են ապահովել: Դուք էլ եք ՀՀԿ-ի համար աշխատե՞լ:
-Ոչ, ես ՀՀԿ-ի համար չեմ աշխատել: Ես ՔՊ-ական եմ եղել, երբ նշանակվել եմ «Համալասարանականներ» համատիրության կառավարիչ: Անգամ այդ շրջանում բոլորն ասում էին, որ ընդդիմությունը սկսել է համատիրությունից: Ես միշտ աշխատել եմ ՔՊ-ի համար եւ այդպես էլ շարունակելու եմ:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը