Ես սքրիններ մեկնաբանելով չեմ զբաղվում. ինչ կապ ունի Վահան Բաբայանը` ակցիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մի խումբ անձինք հոկտեմբերի 26-ին «Կեցցե՛ Հայաստանը» գրությամբ պաստառներով ակցիա են իրականացրել Օպերայի հրապարակին հարակից հատվածում՝ փակելով Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաները: Համացանցում տարածվեցին մի քանի անձանց ֆեյսբուքյան նամակագրությունից հատվածներ, որոնցից պարզ դարձավ, որ ինչ-որ անձինք մոտ 20 օր շարունակ կես ժամով պետք է փակ պահեն մայրաքաղաքի որոշ փողոցներ, որի դիմաց կես ժամի համար կստանան 1000 դրամ: Այս ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Խաչատրյանի պնդմամբ` դա ոչ թե կառավարության դեմ բողոքի ակցիա է, այլ պարզապես ֆլեշմոբ:

Վերջինս ոստիկաններից մեկին ասել է, որ ինքը դեմ է հակահեղափոխությանը, բայց ուզում է, որ Փաշինյանը կատարի իր խոստումները : Հետո հարց է ուղղել ոստիկանին, թե Ձեզ դուր է գալիս արդյոք երկրի վիճակը, դուր է գալիս` ինչպես եք ապրում: Նշենք, որ Լիլիթ Խաչատրյանը բազմաթիվ կուսակցություններ փոխած եւ «Ռեֆորմիստներ» հիմնադրած Վահան Բաբայանի ղեկավարած կուսակցության անդամ է: Թեեւ կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը հերքում է, որ ինքը որեւէ կապ ունի այս ակցիայի հետ, այնուամենայնիվ ակցիայի մասնակիցներից Ինգա Սարուխանյանի խոսքով` հենց Կարեն Վարդանյանն է իրեն գումար առաջարկել ակցիաների մասնակցելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ կասեք այն մասին, որ գումարի դիմաց ակցիաներ կազմակերպելը կապվում է Ձեր կուսակցության հետ:

-Կուսակցության հետ կապված լինելը մի քիչ չափազանցված է: Մեր կուսակցությունում կան անձեր, որոնք ունեցել են մասնակցություն: Դա իրենց իրավունքն է: Կուսակցությունը այդ ակցիայի հետ կապ չունի:

-Դուք նորմա՞լ եք ընդունում այն, որ այս ակցիային մասնակցողներին գումար է բաժանվել, եւ նրանց մեջ եղել են Ձեր կուսակիցները:

-Դե շատ բան կարող են ասել: Այսօրվա դարաշրջանում նման սքրիններ տպագրելը կամ չգիտեմ ինչեր անելը բավականին հեշտ բան է, եւ ես սքրիններ մեկնաբանելով չեմ զբաղվում:

-Այսինքն` կարծում եք այդ սքրինները իրակա՞ն չեն:

-Տեղյակ չեմ ու, ընդհանրապես, ցանկություն չունեմ էդ մակարդակի խոսակցությունների մեջ մտնել: Իրենց սահմանադրական իրավունքն է մասնակցելը: Կուսակցությունը ի՞նչ անի: Մենք նման կոչերով հանդես եկե՞լ ենք, կուսակցական լոզունգներ կամ նման բաներ եղե՞լ են այդ ակցիայի ժամանակ, որ դա մեզ հետ է կապվում:

-Այս ակցիան կապվում է ձեր փոխնախագահի հետ: Բնական չէ՞, որ եթե կուսակցության դեմքերից մեկը մասնակցում է դրան, ապա դա վերագրվում է հենց կուսակցությանը:

-Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ իրավունք ունեն մասնակցել տարբեր ակցիաների, եթե դա կուսակցական ակցիա չէ, եւ ներսում ոչինչ չի որոշվում դրա հետ կապված: Ես համենայնդեպս ներքին ժողովրդավարության կողմնակից եմ եւ երբեք չեմ բռնանա, չեմ արգելի որեւէ բան, եթե այդ ամենը բխում է մեր երկրի, մեր պետության շահերից: Ես խոսել եմ մեր փոխնախագահի հետ: Նա այնտեղ չի եղել: Այսինքն` անձամբ մասնակցություն, ես ինչքան գիտեմ, չի ունեցել: Նորմալ է, որ անհատներ կան, որոնք մասնակցել են, բայց դա մեզ հետ որեւէ կապ չունի:

Լուսինե Մինասյան




Լրահոս