Նոյեմբերի 30-ին Վալերիյ Օսիպյանը եղել է Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։

Վալերիյ Օսիպյանը ներկաներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած համակարգը տիրապետում է իրավիճակին և արդեն բավական փորձ ունի՝ թափանցիկ և արդար ընտրություններ կազմակերպելու առումով։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց այդ ուղղությամբ ոստիկանության իրականացրած միջոցառումները՝ ընդգծելով, որ ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, որ ընտրությունների հետ կապված ապօրինությունները կանխելու նպատակով ոստիկանությունը թռուցիկներ է պատրաստել։ <<Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, անկասկած արժանանալու են ոստիկանության ուշադրությանը՝ պատժվելով խստագույնս>>,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ բոլորին մաղթելով թափանցիկ և արդար ընտրություններ։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության հանդեպ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաներով կուտակվելու, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։




Լրահոս