ՀԵՌԱՆԱԼՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության արտահերթ համագումարը, որտեղ էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Ավելին` փոխվեց ՕԵԿ-ի ղեկավար կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է ՕԵԿ նորընտիր նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, շատ է խոսվում կուսակցություններում սերնդափոխության անհրաժեշտության մասին: «Օրինաց երկիր» կուսակցությունում իսկապես հասունացե՞լ էր այդ պահը:
-Մեր արտահերթ համագումարի օրակարգային հարցերում շատ անակնկալ էր պարոն Բաղդասարյանի հայտարարությունը, որովհետեւ նա 20 տարուց ավել եղել է Հայաստանի քաղաքական, պետական այն այրերից մեկը, որը մեծ ներդրում է ունեցել մեր երկրում օրենքների, կատարված բարեփումների առումով: Արթուր Բաղդասարյանը իր հայտարարությունը կառուցել էր վերջին մի քանի ընտրություններում իր ղեկավարած կուսակցության ստացած ձայների հիման վրա: Սա նրա կողմից ընկալվել է որպես ժողովրդի կողմից չհասկացվածության խնդիր, եւ դրա համար էլ հայտարարեց քաղաքականությունից առժամանակ հեռանալու մասին: Պարբերաբար մենք ունեցել ենք նմանատիպ քննարկումներ, թիմը համալրվել է նոր կադրերով, որոնք ինչ-ինչ ղեկավար մարմիններում ստանձնել են պաշտոններ: Այսինքն` որ ասենք փոփոխությունը կտրուկ եղավ, այդքան էլ այդպես չէ:
-Խոսեցիք չհասկացված լինելու մասին: Այսինքն` չհասկացված լինելը պայմանավորված է անձո՞վ: ՕԵԿ-ը հասկացվա՞ծ է:
-Բնականաբար, կուսակցությունը նախ եւ առաջ մարդիկ են: Եվ այս պարագայում խոսքը վերաբերում է 2008 թվականի Արթուր Բաղդասարյանի եւ, բնականաբար, ՕԵԿ-ի կողմից կոալիցիայի մաս կազմելուն: Դա միակ բանն է, որը Արթուր Բաղդասարյանի անվան հետ բացասական իմաստով է կապվում: Չհասկացվածությունը հենց այս իմաստով եմ ասում, որ ժողովուրդը, փաստորեն, իր ձեւով ընկալեց կոալիցիա կազմելը: Պարոն Բաղդասարյանը քարոզարշավի շրջանում այդ մասին խոսեց, ասաց` կան շրջանակներ, որոնք ճիշտ են ընկալել, կան շրջանականեր, որոնք սխալ են ընկալել: Նա նույիսկ ներողություն խնդրեց: Նշենք` ներողություն խնդրում են ուժեղներն ու իմաստունները: Պարոն Բաղդասարյանը, հասկանալով, որ ժողովուրդը քվեարկեց այնքան, ինչքան ստացավ կուսակցությունը, ընդունեց իր որոշումը, որը մեր կողմից հարգանքի արժանացավ: Կարծում եմ` քաղաքական դաշտում դա իր բովանդակությամբ նոր քայլ էր:
-Դուք խոսեցիք կոալիցիայի մասին: Այսինքն` ՕԵԿ-ը ակնկալված ձայները չստացավ միայն այն պատճառով, որ 2008-ին կոլացիա՞ էր կազմել ՀՀԿ-ի հետ:
-Ոչ: Նման քիչ ձայներ ստացել է ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ մի շարք կուսակցություններ: Խնդիրը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո բավականին երկար ժամանակահատված, որը իրականացրել է այդ հեղափոխությունը, բնականաբար, նա ժողովրդի էմոցիոնալ հոգեվիճակում պետք է ստանար առավելագույն ձայներ: Այս ընտրությունները իրենց բովանդակությամբ քաղաքական չէին:
-Այդ դեպքում անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ինչո՞ւ չհայտնվեց ԱԺ-ում:
-Կարծում եմ, որ դուք լավ հիշում եք նախորդ ընտրություններում բնակչության թվի տվյալները: Նախորդ վարչակարգի կողմից ուռճացված ընտրացուցակները, որի արդյունքում ՕԵԿ-ի ձայները ոչ թե դարձավ մոտավորապես 6-7 տոկոս, այլ դարձավ 4 ու քանի տոկոս: Փողաբաժանության, վարչական ադմինիստրատիվ բազմաթիվ կեղտոտ հնարքների կիրառում տեղի ունեցավ անցած ընտրություններին, եւ դրա արդյունքում ՕԵԿ-ը չանցավ խորհրդարան:
-ՕԵԿ-ը ասոցացվում է Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Արթուր Բաղդասարյանի հետ: Մտավախություն չկա՞, որ ՕԵԿ-ի նոր սերունդը այնքան էլ չի ընկալվի:
-20 տարին քիչ ժամանակատված չի այն առումով, որ Ձեր մատնանշած ղեկավար նախկին կազմը ունեցել է իր անունը, հեղինակությունը, համբավը մեր պատմության անցած էջերում եւ դրվագներում: Իհարկե, որոշակի դժվարություններ այդ իմաստով կան: Բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքերը ծալած նստելու ենք: Մենք հանրությանը ներկայանելու ենք` առանցքում ունենալով գաղափարախոսության այն որոշակի շեշտադրումները, որոնք եղել են ՕԵԿ-ում:
-Ամբողջ քարոզարշավի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ասում էր, որ կանգնած է հեղափոխության կողքին: Ճիշտ է, ուրախ է, որ քաղաքական դաշտում մեծ մասամբ երիտասարդներ են, սակայն կարծում է, որ մեր իշխանություններին պետք են նաեւ ճանապարհ անցած քաղաքական գործիչներ, եւ մատնանշում է ինքն իրեն: Այսքանից հետո ինչո՞ւ հեռացավ:
-Մեր սերունդը եւ այսօրվա սերունդը իրոք տարբերվում են իրարից: Նոր սերունդը շատ բաներով է առաջ հնից, բայց պարոն Բաղդասասրյանը երբեք մատնացույց չի արել ինքն իրեն, այլ միշտ ասել է, որ դուխը պետք է համադրվի խելքով: Նոր մարդիկ, որոնք չունեն փորձ, բնականաբար, պետք են մարդիկ, որոնք նրանց կողքին կլինեն: Պարոն Բաղդասարյանը, բնականաբար, ուներ ակնկալիքներ ընտրութուններից: Քանի որ ժողովուրդը իր քվեն ոչ այն չափով տվեց, որը կտար այդ հնարավորությունը Արթուր Բաղդասարյանին երկրում իշխանության մաս կազմելու, երկրում իր ուժերը գործադրելու համար, դրա համար էլ այդպես եղավ: Բայց նա այսօր էլ կկարողանա այդ գործում իր մասնակցությունը ունենալ հանրային գործչի տեսքով:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՀԻ՞, ԹԵ՞ ՈՉ

«Ռուսաստանը այլեւս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ, պարզապես ռազմավարական գործընկեր է»,- այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Նկատենք, որ երեկ Մոսկվայում տեղի են ունեցել Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնց հիմքում ռուս – բելառուսական տարաձայնություններն են նավթի արտահանման եւ վաճառքի ոլորտում Ռուսաստանի հարկային փոփոխությունների շուրջ:
Խնդիրն այն է, որ բելառուսական բյուջեի մի զգալի մասը կազմում է ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը, իսկ այդ հարկային փոփոխությունների հետեւանքով առաջիկա հինգ տարիներին, բելառուսական կողմի հաշվարկներով, Բելառուսը կարող է կորցնել շուրջ 10 միլիարդ դոլար:
Պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար շուրջ 300 միլիոն դոլար: Ըստ Լուկաշենկոյի` Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի սկզբին այս մասին ինքը պայմանավորվել է Պուտինի հետ: Մոսկվան էլ ասում է, թե որեւէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել, մինչդեռ Բելառուի իշխանությունները հակառակն են պնդում:
«Ժողովուրդ» օրաթերթը «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց` սրա արդյունքում Հայաստանը կարո՞ղ է շահել։
«Լուկաշենկոն շատ հաճախ հայտարարություններ է անում, հետո ներողություն է խնդրում կամ փորձում բացատրել։ Ես չգիտեմ` այդ հարցը ինչպես պետք է լուծվի։ Բելառուսը ռուսական նավթի արտահանման, իր սահմանը հատելուց ստանում էր մեծ գումար։ Եվ Ռուսաստանը այդ հարցը անընդհատ բարձրացնում է։ Վերջում հարցը լուծվում է։ Չեմ կարծում, որ ճիշտ է նման կարգավիճակային գնահատականներ անել։ Կարող է Հայաստանը շահել կամ չշահել հարցը զուտ այդ իրավիճակից շահը չէ։ Հարցն այն է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում անդամ երկրները փորձում են հարցերը լուծել ոչ թե Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններով, այլ օգտագործելով այդ կառույցի ընձեռած հնարավորությունները։ Եթե բոլոր երկրները հավատան, որ այդ կառույցը իրոք կոլեկտիվ կառույց է, այսինքն` այնտեղ կարելի ա հարցեր բարձրացնել եւ իրար աջակցելով` հարցեր լուծել, ապա այդ կառույցը կաշխատի, եւ Հայաստանը կշահի»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Իգիթյանը։

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ԱԼՖՈՆՍԸ
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց հեղինակություն Վստրեչ Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է մի քաղաքացու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ: Ուշագրավն այն էր, որ երեկ տուժող Մամիկոն Բագրատունու հայրը, լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով որդու մասին, թե որտեղից է առաջացել խնդիրը, ասել է. «Իմ որդու անունը Մամիկոն Զոհրաբյան է, տարան սարքեցին Բագրատունի Մամիկոն, եկան, տարան ու պսակեցին.. իմ տնից տարան, ես երդվում եմ` իրենք եկան, տարան: 2012 թվականի հոկտեմբերի 20-ի կողմերը, իմ տուն եկավ Բարխոյան Արմինեն եւ Նարինե Այվազյանը եւ ծանոթացան իմ հետ, մեր հետ եւ եկան տղայիս, կոպիտ ասած, ուզելու, հորս գերեզման եմ ասում, իր աղջկա` Նարինեի համար ուզելու»: Հարցին` ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Արամ Վարդանյանը, տուժողի հայրը ասաց` Արամ Վարդանյանը կատարել է Արմինեի ասածը: «Ժողովուրդ» օրաթերթը տուժողի հոր հայտարարությունների հետ կապված դիմեց Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանին, ինչին ի պատասխան` վերջինս նշեց, որ տուժողի հոր հայտարարությունները ինքնին խոսուն են, ընթերցողները եւ տեսանյութը դիտողները կարող են իրենք էլ մեկնաբանել եւ պատկերացում կազմել, թե ում մասին է խոսքը գնում։ Միայն կարող եմ փաստել, որ տուժողի նախկին ամուսնությունը կամ ամուսնությունները Արամ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունեն եւ ունենալ չեն կարող։ Տուժողի հոր կողմից հիմա որդու նախկին ամուսնությունը հիշելը չեմ բացառում, որ պաշտպանական ռեակցիա է, քանի որ իրենք էլ քաջ գիտակցում են` նրա «մութ» ու «բազմադրվագ» անցյալը վաղ թե ուշ իրեն հիշեցնել է տալիս։ Ամեն դեպքում, ներկա պահին, կարծում եմ` հավելյալ մեկնաբանությունների անհրաժեշտություն չկա, քանի որ, կրկնում եմ` Մամիկոնի այդ անցյալն ու մասնավորապես խիստ հետաքրքրաշարժ ազգանվափոխություններն իմ պաշտպանյալի հետ առնչություն չունեն։

 

 

ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈԶԻ ԲԴՈՎ
Տեղական արտադրության խոզի բդի մեկ կիլոգրամը այսօր գյուղացի ֆերմերների կողմից վաճառվում է 2800 դրամով, մինչդեռ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում այն գերազանցում է 3100 դրամը: Բայց մյուս կողմից` ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` խոզի միսը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է: Նշենք, որ տավարի միսը եւս էժանացել է 1.2 տոկոսով: Փոխարենը թանկացել է գառան միսը 1.1 տոկոսով: Բայց կան քաղաքացիներ, որոնք այս օրերին ամանորյա սեղանի չարազեղենը, մրգերը եւ, իհարկե, խոզի բուդը նախընտրում են գնել հարեւան Վրաստանից: Նրանց խոսքերով` այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, քան ՀՀ-ում. մասնավորապես, խոզի բդի մեկ կիլոգրամը Վրաստանի շուկաներում վաճառվում է 1700-1800 դրամով:




Լրահոս