Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձեւության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը:
Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու մեր երկրի թեթեւ արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ժերար եւ Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:
Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում: