Շարունակելով Գաֆէսճեանարվեստիկենտրոնի(ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը մայիսի 10-ին ազդարարեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող«ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրի մեկնարկը:
11 տարեկանից բարձր դպրոցականների և նրանց ընտանիքների համար նախատեսված այս ծրագրի նպատակն է խթանել մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, զարգացնել դիզայներական հմտությունները և նրանց ծանոթացնել կիրառական արվեստի հիմնական առանձնահատկություններին:
Որպես կիրառական արվեստի նմուշ՝ ընտրվել է ամենագործածական կենցաղային իրերից մեկը՝ աթոռը: Ծրագրի մասնակիցները նախ կուսումնասիրեն ԳԱԿ Շարժասանդուղքների սրահում ցուցադրված յուրօրինակ աթոռները «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հավաքածուից,որից հետո երիտասարդ դիզայներների օգնությամբ ԳԱԿ Ստեղծագործական սրահում կպատկերեն իրենց սեփական դիզայներական աթոռը:
«Կարևորելով թանգարանային կրթության նշանակությունը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տասնամյա գործունեության ընթացքում բազմաթիվ կրթական ծրագրեր է իրականացրել: Ուրախ ենք, որ մեր շարունակական կրթական ծրագրերի ցանկը համալրվեց ևս մեկով: Հատկանշական է, որ «ԴիզայնԼաբ. Աթոռներ» ծրագրին կարող են գրանցվել ոչ միայն դեռահասները, այլև նրանց ընտանիքները:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր վաղեմի գործընկերոջը՝ Beeline-ին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Մենք միշտ բարձր ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախագծերը: Կարծում եմ՝ դրանք կրթության ժամանակակից մոտեցումների կիրառման շատ լավ օրինակներ են և մեր երիտասարդներին մեծ հնարավորություններ են տալիս՝ զարգանալու և արվեստի ոլորտում առաջ գնալու հարցում։ Շատ ուրախ ենք մասնակցել նման նախաձեռնություններին և մեր պայծառ երիտասարդությանը ստեղծագործելու հնարավորություն տալ», – նշեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։