Մարդու իրավունքների պաշտպանը կռիվների մեջ է իրավապահների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապահ մարմինների հետ ներքին տարաձայնությունների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց մարդու իրավունքների պաշտպանի հետ:

-Պարո՛ն Թաթոյան, նախ ՄԻԵԴ-ը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասով միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստ: Մեր իրավապահ համակարգը չգիտե՞ր` ինչ է անում, որ սպասեց` ՄԻԵԴ-ն ասի: Արդյոք իրավապահների մեղքը չե՞ք տեսնում ՄԻԵԴ-ի մասով:

– Եթե Դուք հետեւեք,նույն օրը, թե դրա նախորդող օրը, արդեն հայտարարել էի, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի նրա բուժումը իրականացվի պատշաճ քրեակատարողական հիմնարկում, այլ այնպիսի հետազոտություններ են պահանջում ու այնպիսի բուժում, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում: Հետո տեսանք, որ Եվրոպական դատարանը ասեց նույնը, ինչը ես էի ասում:

– Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, իրավապահների անգործությունը, մեղքը չե՞ք տեսնում:

-Նախ` սա դատական քննության առարկա պետք է դառնա, փաստաբանները, որքանով ես հետեւում եմ, նորմալ բարձրացնում են այս հարցը: Գիտեք, երբ մարդուն բժշկական հաստատությունից տեղափոխում են հետ քրեակատարողական հիմնարկ, քրեակատարողական հիմնարկը պետք է վստահ լինի, որ կարողանալու է պատշաճ բոլոր պայմանները ապահովել: Իսկ մեր եզրակացությունը, ենթադրում եմ, նաեւ Եվրոպական դատարանին, քանի որ թե՛ մերը, թե՛ իրենցը նույնն էին, մեր եզրակացությունը հիմնված էր նրան հետազոտած քաղաքացիական բժշկի հետազոտության արդյունքների վրա:

Նրա նախընտրած բժիշկը շատ մանրամասը նկարագրել էր, թե ինչ պատճառով չի կարող հետագա պատշաճ բուժօգնությունը կամ սպասարկումը իրականացվել քրեակատարողական հիմնարկում: Քանի որ մեր աշխատակազմում եւս կա բժիշկ, մենք ինքներս էլ էինք հետազոտել, եւ վերջում Եվրոպական դատարանը ասեց այն, ինչ մենք ասել էինք: Գործը գտնվում է դատարանի վարույթում, եւ պահման հետ կապված հարցը փաստաբանը կարող է բարձրացնել, եւ դատարանի կողմից քննության առարկա դառնա:

-Դուք իրավապահների հետ ներքին քննարկումների եւ կռիվների մե՞ջ եք` կալանավորված անձանց տեսակցության խնդրի հետ կապված, եւ օրենքի փաթե՞թ եք պատրաստել, ինչը իրենց այդքան էլ դուր չի եկել:

-Դուք ճիշտ եք լսել, նման նախագծի փաթեթ մշակել ենք: Ընդ որում` մի քանի օրենքների փաթեթ ենք մշակել, եւ ուղարկել եմ թե՛ կառավարություն, թե՛ Ազգային ժողով, եւ հիմա քննարկումների փուլն է: Ինչո՞ւմն է խնդիրը. այսօր պրակտիկայում անձին տեսակցություններից, հեռախոսային խոսակցության հնարավորությունից զրկելու իրավասությունը վերապահված է քննիչին, խոսքը վերաբերում է կալանավորված անձանց: Ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների հետ կապված մենք կարծում ենք, որ այդ մեխանիզմը սկզբունքորեն հակասում է Եվրոպական դատարանի չափանիշներին:

Պատկերացրեք, քննիչը մեկ գրությամբ արգելում է անձին, չես էլ կարող կանխատեսել, թե ինչքան ժամկետով կլինի տեսակցել իր երեխային: Իսկ ի՞նչ ենք մենք ասում: Մենք ասում ենք, որ դա մինչ դատական վարույթում պետք է արվի առնվազն դատախազի կողմից դատարանում: Դա բացառապես դատարանի տիրույթը պետք է լինի, ավելին` երկրներ կան, որ դա արվում է մինչդատական վարույթում դատարանի կողմից: Մենք գտնում ենք, որ դա կոնկրետ պետք է լինի ժամկետներով սահմնափակված, կոնկրետ պետք է նշվեն այն անձինք, ում հետ առաջարկվում է հանդիպումը սահմանափակել, պետք է կայացվի որոշումը, որը պետք է լինի պատճառաբանված եւ տրամադրվի անձին:

-Պրոբացիոն ծառայության աշխատանքը ինչպես իրավապահները, այնպես էլ տարբեր իրավաբաններ համարում են շատ վատը, անգամ Դուք եք գնահատական տվել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Արտահերթ զեկույց ես ունեմ, որը վերաբերում է պրոբացիոն ծառայությանը, ես կարծում եմ` պրոբացիոն ծառայության հետ կապված կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, կայացնի այդ կառույցը: Խոսքը վերաբերում է ոչ թե աշխատողներին, այլ պետական քաղաքականությանը. պետությունը չի ցուցաբերում բավարար ուշադրություն այս ոլորտին, անտեսված է այս ոլորտը, ռեսուրսների ակնհայտ պակաս կա, եւ չեն ներդրվում ռեսուրսներ, որ բարձրացվի կարողությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս