«Ակտիվ հանգստի կողմնակից եմ, սիրում եմ համատեղել գործնական կյանքն ու հանգիստը. ասեմ, որ ստացվում է: Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարող են փակվել հյուրանոցային համարներում եւ համարել, որ հանգստացել են: Միեւնույն ժամանակ առանձնապես էքստրեմալ հանգստի սիրահար չեմ: Չեմ սիրում թռչել բարձրությունից կամ սուզվել ծովի հատակը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է:
Նա դեռ չի որոշել, թե այս տարի որտեղ է հանգստանալու, բայց, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին գործնական ծրագրերով կմեկնի արտերկիր եւ կհամատեղի աշխատանքն ու հանգիստը: Տաթեւիկը իրականությունից կտրվելու, մտքերը մաքրելու հարց իր առջեւ չի դնում: Նա նախընտրում է հանգստի ընթացքում այցելել հետաքրքիր վայրեր, բովանդակալից կյանքով ապրել:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական պլանների մասին: Արդեն երրորդ տարին է՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տինիկային թատրոնում Տաթեւիկը հանդես է գալիս «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացման շրջանակում: Առաջիկայում մենք դերասանուհուն կտեսնենք նաեւ այլ բեմադրություններում, սակայն դրանց մասին մանրամասներ նա դեռեւս չցանկացավ հայտնել:
Փոխարենը Տաթեւիկը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին ավարտվել են իր մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները: Պրեմիերան տեղի կունենա այս տարվա նոյեմբերին. «Արման Նշանյանն է ռեժիսորը: Ֆիլմը Կոմիտասի կյանքի մասին է եւ ոչ միայն, նվիրված է հենց վարդապետին: Դերերում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը, Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Ժան Նշանյանը, ինչպես նաեւ ինքը՝ Արման Նշանյանը»,- մանրամասնեց դերասանուհին:
Նա հավելեց, որ ընդգրկված է նաեւ էկրանային այլ նախագծերում, որոնց մասին կարող է խոսել ավելի ուշ:
Աննա Բաբաջանյան