«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելու է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով տուժած անձանց աջակցության ձեւի եւ չափի մասին հարցերը: Ըստ այդմ, սահմանվելու է, թե այդ օրերին զոհված քաղաքացիների հարազատները եւ կամ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիները որքան դրամական միջոցներ են ստանալու որպես փոխհատուցում:
Հիշեցնենք, որ այս նախագիծը հեղինակել էին ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը եւ սահմանել էին փոխհատուցման ենթակա անձանց շրջանակը, սակայն չափի եւ այլ հարցերը կարգավորելու եւ սահմանելու լիազորությունը վերապահել էին կառավարությանը:
Ըստ այդմ, այդ օրերին ստացած վնասվածքի պատճառով մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին որպես փոխհատուցում կտրվի 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ: Ըստ այդմ, սահմանվել են նաեւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել տվյալ օգնությունը ստանալու համար:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: