Որ դատավորին է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի մեկի գործով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Դանիբեկյանն ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով որպես նրա իրավունքների խախտում։ Միևնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։

Դանիբեկյանը քննում է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի քրեական գործը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։




Լրահոս