Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ներկայացրին կուսակցությունների ձևավորմանն առնչվող առաջարկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները կուսակցությունների ղեկավար կազմերում կանանց ներգրավվածության և պետական աջակցության մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացրեցին Ազգային ժողովում: Կուսակցությունների ներկայացուցիչները թեման քննարկեցին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

Հայ յեղափոխական դաշնակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատեց, որ ԱԺ աշխատանքային խմբի ներկայացրած հայեցակարգում նշված է, որ օրենքի բարեփոխման առանցքային նպատակը բազմակուսակցական համակարգի զարգացումն է: Կյուրեղյանը նկատեց՝ բազմակուսակցական համակարգի կայացումը շատ կարևոր է, սակայն տեսակետ հայտնեց, որ այսօր դեռ ունենք միակուսակցական ղեկավարում: «Կան կուսակցություններ, որոնցում 50 տոկոսից ավելին կանայք են, կան կուսակցություններ, որտեղ կանայք 10 տոկոս են: Պետք է կուսակցությունների բոլոր մակարդակներում ղեկավար մարմինների կազմում համամասնորեն ապահովել կանանց ներգրավվածությունը»,-ասաց Կյուրեղյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը շեշտեց կուսակցության ներսում ներքին ժողովրդավարության առկայության կարևորությունը: Նա նկատեց, որ Կուսակցությունների մասին օրենքի հետ կապված հարցեր քննարկելիս առնչվում են Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին, Հանրաքվեներին մասին օրենքին առնչվող հարցերին: «Մենք կպայմանավորվենք այս կետի շուրջ, թե ոչ, էապես կախված է նրանից, թե հարակից իրավական ակտերով ինչ խճանկար ենք կառուցելու, քանի որ համամասնական ընտրակարգը ենթադրում է մի տիպի կուսակցություններ, մեծամասնականը՝ մեկ ուրիշ: Վստահելի պայմանավորվածության գալու համար անհրաժեշտ է այդ ողջ խճանկարն ունենալ»,-ասաց նա:

Անդրադառնալով պետության կողմից կուսակցություններին տրվող աջակցությանը՝ Նահապետյանը նկատեց, որ թե գործող կարգավորումներով, թե ներկայացված առաջարկներով բոլոր առավելություն նախատեսող նորմերը խորհրդարանական կամ գոնե 2 տոկոսից ավել ձայներ հավաքած կուսակցությունների համար են, բոլոր սահմանափակումները՝ իրենց՝ արտախորհրդարանական ուժերի: Նա հույս հայտնեց, որ կգտնեն այն մեխանիզմները, որոնցով կուսակցությունները ֆինանսավորում կստանան ըստ իրենց կատարած քաղաքական աշխատանքի:




Լրահոս