Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է Inosmi-ն: «Մարդիկ քաղաքական որոշման են սպասում, որպեսզի դադարեցնեն երկրում իրադրության վատթարացումը: Ես փորձեցի ելք գտնել, որպեսզի պաշտպանեմ երկիրը: Չեմ թաքցնում, որ փակուղի եմ մտել»,- Սաադ Հարիրիի խոսքերն է մեջբերում լիբանանյան An Nahar պարբերականը:
Նա հայտարարել է, որ կառավարության հրաժարականի դիմում է ներկայացնելու՝ ընդգծելով. «Այսօր մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում երկրի համար և պետք է խոչընդոտենք հրդեհի տարածմանը»: Լիբանանի կառավարության հրաժարականն արդեն 13 օր երկրում շարունակվող բողոքի ակցիաների արդյունք է:
Ցուցարարները փակել են երկրի գլխավոր ավտոմայրուղիներն ու խոշոր քաղաքներին ճանապարհները: Փակ են բանկերը, համալսարաններն ու դպրոցները: