«Ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո, իրոք, վախենում եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ վտանգ կլիներ մեզ համար: Տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ մենք հաղթահարեցինք դա՝ նայելով վախի աչքերի մեջ: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում, հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից, իմ անձի համար վախենալու ոչ մի բան չունեմ, հայտնում է 168.am-ը:
Եթե ինձ ձերբակալելով՝ ժողովուրդն իրեն երջանիկ կզգա, եթե ինձ ձերբակալելով՝ «Մարտի 1»-ը կբացահայտվի, եթե ինձ ձերբակալելով «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն, ինչպես ասացի՝ միայն կատարյալ հիմարը ոչնչից չի վախենում: Իմ կարծիքով՝ վախկոտ են նրանք, ովքեր ինչ-որ ազդեցության տակ փոխում են իրենց կարծիքը, ես կարծիք փոխող չեմ»,- քիչ առաջ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո ի պատասխան շրջանավարտներից մեկի հարցին՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի։ Ս. Սարգսյանը նաև ավելացրել է՝ «Այդքան զրպարտություններից հետո՝ ինչի՞ վրա պիտի զարմանամ»։