«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին է: Նա խոսել է հաջողության հասնելու իր բանաձեւի, կին-տղամարդ հարաբերությունների եւ իր բնավորության լավ ու վատ կողմերի մասին:
-Ռուբե՛ն, Ձեր օրը օր չէ՝ առանց…
-Լավ տրամադրության: Դրանից է կախված օրվա ընթացքը:
-Մանկության տարիներին ումի՞ց էիք սովորում:
-Իհարկե ծնողներիցս, երգարվեստի հետ կապված՝ էլի հայրիկիցս, հորական կողմի բարեկամներից: Երաժշտական միջավայրում եմ մեծացել: Սովորել եմ նաեւ այն երգիչներից, վարպետներից, որոնք այդ տարիներին պրոպագանդում էին ազգային, հայրենասիրական երգը:
-Ձեզ ավելորդ եք զգում այնտեղ, որտեղ…
-Այն միջավայրում, որն իմը չէ: Պետք է քո տեսակի, մտածելակերպի մարդկանց հետ շփվես…
-Ե՞րբ է սերը մեռնում:
-Սերը տրվում է ի վերուստ, բայց մահանում է դավաճանության պարագայում:
-Ինչի՞ց ֆոբիա ունեք:
-Բարձրությունից: Երբ այցելում եմ տարբեր երկրներ, տանում են էքստրեմալ վայրեր, բարձր կետեր, շատ եմ վախեցել: Եղել են դեպքեր, երբ բարձր թափանցիկ կամրջի վրայով են անցկացրել: Ես աչքերս փակ անցել եմ, լուսանկարվել, էլի աչքերս փակ հետ գնացել:
-Շու՞տ եք խուճապի մատնվում:
-Այո, զգացել եմ, որ էությամբ այդպիսին եմ, բայց շուտ էլ սթափվում եմ: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ. ուղղակի այդպես է:
-Մեր իրականության մեջ Ձեզ համար ամենախորթ երեւույթը ո՞րն է:
-Հատկապես մեր ասպարեզի մարդիկ տարբեր միջավայրերում են լինում, զանազան մարդկանց հետ են շփվում, ուստի պետք է տեսակով համակերպվող լինել: Դա կարեւոր գիծ է:
-Բնավորության գիծ, որի համար տուժել եք:
-Կարող եմ մարդուն վստահել, ամենալավը անել նրա համար, բայց որոշ ժամանակ հետո զգամ, որ իզուր էր այդ ամենը: Շատ շուտ եմ նվիրվում, հավատում մարդկանց, սիրտս բացում եմ, բայց կյանքի մի փուլ է գալիս, հասկանում ես, որ պետք չէր այդ աստիճան բաց լինել:
-Ինչի՞ց եք վախենում:
-Հավատացեք՝ չկա այդպիսի բան: Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ: Դա ներքին զգացողություն է:
-Երբեւէ եղե՞լ է, որ հետադարձ հայացք նետեք կյանքի մի որեւէ փուլի ու հասկանաք, որ լավագույն տարիները այդ ժամանակ էին:
-Այո, ուսանողական տարիները շատ լավն էին: Հարաբերությունները ազնիվ էին, մաքուր, կարող է 100 դրամ ունենայինք, բայց երջանիկ լինեինք: Ո՛չ համացանց կար, ո՛չ հոգսեր: Երանի եմ տալիս այդ տարիների խենթություններին: Այդ ժամանակ կյանքի նպատակը փողի մեջ չէր:
-Ձեզ կշռադատված մարդ համարու՞մ եք:
-Իհարկե:
-Գինի՞, վիսկի՞, թե՞ գարեջուր:
-Վիսկի: Ես գունավոր խմիչքներ եմ նախընտրում: Օգտագործում եմ վիսկի եւ կոնյակ:
-Ով է մե՞ր ժամանակների հերոսը:
-Ինձ համար բոլոր ժամանակների թիվ մեկ հերոսը Մոնթե Մելքոնյանն է: Ես իրեն համարում եմ ազնիվ, ուժեղ տղամարդ: Իմ բնակարանում Մոնթեին նվիրված անկյուն ունեմ: Շատ եմ ուսումնասիրել նրա կյանքը:
-Գործի մեջ առավել կարեւոր է մուսա՞ն, թե՞ աշխատասիրությունը:
-Կյանքում համար առաջին բանը աշխատասիրությունն է: Նպատակասլաց մարդը կհասնի իր բոլոր երազանքներին: Այդ ամենի ապացույցը իմ անցած տարիներն են: Ունեմ այն, ինչին ձգտել եմ, եւ դա աշխատասիրության արդյունք է:
-Տեղային կողմնորոշումից ուժե՞ղ եք:
-Շատ: Կան երկրներ, որտեղ տարին մեկ անգամ եմ այցելում, բայց այնպիսի վայրեր եմ հիշում, որ ընկերներս զարմանում են…Նույն վայրկյանում հիշում եմ՝ որտեղ էին փողոցները, խանութները…
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Տանը մի բան փչանա, հաստատ չեմ սարքի, եղբայրս է նման բաներով զբաղվում, բայց կարող է ուզենամ՝ խոհանոցում ստեղծագործեմ: Ի դեպ, համեղ է ստացվում:
-Ե՞րբ է կինը տպավորում տղամարդուն եւ մնում նրա հիշողության մեջ:
-Երբ կինը յուրահատուկ է, տարբերվող իր տեսակով, պահվածքով, գեղեցկությամբ, հագուկապով:
-Եվ վերջում՝ կին-տղամարդ հարաբերությունները ե՞րբ կհաջողեն:
-Վիճելի հարց է, բայց այսպես ասեմ՝ երբ լինի հավասարություն, բայց նաեւ ճիշտ դերաբաշխում:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՆ, ԹՈՂ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԶԱՐԳԱՑՆԵՆ»
Դերասան Անդրանիկ Հարությունյանն ամառային հանգիստն անցկացրել է Արցախում: Նա մեկ շաբաթ ընտանիքով այցելել է Ստեփանակերտ: Ծնողներն իրենց հետ տարել են նաեւ փոքրիկ որդուն: Դերասանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատակով նշեց, որ փոքրիկ Գրիշան իրեն ավելի լավ է պահել, քան իրենք՝ մեծերը:
Անդրանիկին զարմացնում են դժգոհություններն առ այն, որ Հայաստանում հանգստյան գոտիներ այցելելը բավական թանկ արժե. «Եթե մարդիկ փող ունեն, թող մեր երկիրը զարգացնեն, մեր տեսարժան վայրերն այցելեն, բյուջեն լցնեն: Բազմաթիվ լավ տեղեր կան, ուր կարելի է այցելել»,-նկատեց նա: Դերասանը միշտ նախընտրում է հանգստի մեկնել ընտանիքի ամբողջ կազմով՝ երեխաների հետ: Բայց եթե փոքրիկներն իր հետ են, այդ պարագայում ակտիվ հանգիստը բացառված է, նախընտրում է պասիվ մնալ:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական ծրագրերից: Անդրանիկը տեղեկացրեց, որ արդեն որոշել են, թե ում հետ են երգելու «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում ստեղծվելիք հերթական դուետը: Սակայն դերասանը դեռեւս չբացեց փակագծերը՝ երկրպագուների համար դա թողնելով գաղտնիք: Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդոն եւ Ռաֆոն դուետ են կատարել Սպիտակցի Հայկոյի եւ Միհրան Ծառուկյանի հետ: Անդրանիկը խոստացավ, որ հաջորդ արտիստի հետ համագործակցությունը եւս հետաքրքիր է լինելու:
Ի դեպ, Անդրանիկը երկրպագուներին օգոստոսի 15-ին հրավիրեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոն՝ «Boomերանգ» ներկայացմանը (բեմադրությունը՝ Սեդրակ Գոջամանյանի, դերերում՝ Լեւոն Հարությունյան, Լուիզա Ներսիսյան, Անդրանիկ Հարությունյան , Ժաննա Հովակիմյան, Վահե Զիրոյան, Միլենա Ավանեսյան):
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ՉԵՄՊԻՈՆ
Արցախում շարունակվում է Համահայկական 7-րդ խաղերը: Բազկամարտի 90կգ քաշային կարգում աջ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալ է նվաճել Վարդենիսի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, որը կարողացել է եզրափակչում աջ ձեռքով հաղթել Երեւանի ներկայացուցիչ Էրիկ Չաթինյանին, վերջինս էլ իր հերթին հաղթանակ է տոնել Վարդան Խաչատրյանի նկատմամբ ձախ ձեռքով: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի նորընծա չեմպիոն Վարդան խաչատրյանի հետ. «Ամեն ինչ շատ բարդ տրվեց, հեշտ հաղթանակ չէր: Չէի մտածում, որ կարող եմ դառնալ չեմպիոն, որովհետեւ աջ ձեռքի լուրջ վնասվածք ունեի, սակայն կարողացա հաղթել ֆիզիկական լավ պատրաստվածության հաշվին: Աննկարագրելի զգացողություններ ունեմ, եւ մեծ պատիվ է հաղթել այսպիսի խաղերում, ցանկանում եմ հաղթանակս նվիրել բոլոր վարդենիսցիներին: Կավելացնեմ նաեւ, որ կազմակերպիչները աշխատել են շատ լավ, եւ Համահայկական 7-րդ խաղերը անցկացվում են շատ բարձր մակարդակով: Այս հաղթանակի շնորհիվ ավելի մեծ եռանդով եւ նպատակասլացությամբ կպատրաստվեմ առաջիկայում կայացող Հայաստանի ուսանողական խաղերին եւ Հայաստանի բազկամարտի առաջնությանը»:
Հավելենք նաեւ, որ Վարդան Խաչատրյանը հանդիսանում է 2018 թվականի Հայաստանի ուսանողական խաղերի բազկամարտի չեմպիոն:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԶՐՈՒՑԵԼ Է
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկող մրցաշրջանից առաջ զրուցել է BBC-ի հետ. «Նախորդ մրցաշրջանում, երբ առաջնության ավարտին մնացել էր 5-6 խաղ, բոլորը ոգեւորված էին գործում, քանի որ կար հնարավորություն լավագույն քառյակում հայտնվելու: Ցավոք, չստացվեց նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Մենք մեր հնարավորությունը չօգտագործեցինք նաեւ Եվրոպա լիգայում: Այդ ամենը շատ հիասթափեցնող էր, բայց այս տարի թիմում նոր էներգիա կա, եւ մենք շատ ուրախ ենք, որ թիմում կան նոր ֆուտբոլիստներ: Այդ տրանսֆերները հզորացնում են մեր կազմը: Կարող եմ ասել, որ երբեմն ծիծաղելի են տրանսֆերային շշուկները, երբ նույնիսկ չես հասկանում թե որտեղից են գալիս դրանք: Ամեն դեպքում, պետք է հետեւել լուրերին եւ լինել տեղեկացված, բայց կեղծ տեղեկություններ տարածելը սխալ է, եւ հարկավոր չէ անել այդպես»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր Լիգայում վաստակած 70 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հավելենք նաեւ, որ «Արսենալը» իր առաջին հանդիպումը Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս խաղարկությանը կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ