Առերևույթ 20 միլին դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008թ. մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարի վատնում։

Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրցվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:

Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:




Լրահոս