Մարտեր՝ առանց կանոնների. Արսեն Թորոսյանի աթոռին «ա՞չք են դրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջեւ, կարծես թե, հակամարտությունը երեկ իր գագաթնակետին էր հասել, քանի որ նախարար Թորոսյանը որոշել էր արդեն իր ֆեյսբուքյան էջում դրա մասին հանդես գալ հայտարարությամբ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Թորոսյան-Զեյնալյան փոխհարաբերությունները վերջին օրերին ավելի են լարվել, քանի որ Զեյնալյանը համարձակվում է իր տարբերվող դիրքորոշումը ներկայացնել բոլոր այն նախագծերի վերաբերյալ, որը խորհրդարան է ուղարկում նախարարը: Նախարարի հայտարարությունից պարզ է դառնում, որ վերջինս սկսել է այլեւս չհանդուրժել այդ իրավիճակը եւ ցույց տալ իր դժգոհությունը իր թիմակցի նկատմամբ:

Իսկ ինչի՞ց էր սկսվել այդ ամենը: Նարեկ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով…։

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն եմ ուղարկել Առողջապահության նախարարություն մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար…»:

Այս հայտարարությունը, կարծես թե, հուզել էր նախարարին. վերջինս հայտարարեց. «7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որեւէ նախաձեռնություն Առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից… Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին…»:

Պարզ է, որ նախարարն իրեն քննադատողներին չի ընդունում: Ըստ տեղեկությունների՝ Թորոսյանը կարծում է, որ Ն. Զեյնալյանը իրեն մրցակից է ու նպատակ ունի գրավել իր պաշտոնը: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Զեյնալյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են լարվել նախարարի եւ իր փոխհարաբերությունները: Պատգամավորը հայտարարեց, որ որեւէ խնդիր չկա իր եւ Թորոսյանի միջեւ:

Իմքայլականն ասաց, որ ցանկացած նախագիծ պետք է դառնա քննարկման առարկա. «Այլակարծություն է, այլ տեսակետ է հնչում, դա պետք չէ վերագրել հակամարտությա՞ն, լարված իրավիճակի՞. նման բան չկա»: Իսկ դիտարկմանը, թե Զեյնալյանը նպատակ ունի նախարարի «աթոռին հասնել», ասաց, թե նման բան չկա. կա կարծիք, որը բարձրաձայնվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս