«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է: Քչերը գիտեն, որ նա առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է. 2004-10թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:
«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շոու-բիզնես մտնել ու երգել, խորհուրդ եմ տալիս կոնսերվատորիայում չսովորել, փոխարենը այլ մասնագիտություն ձեռք բերել: Կոնսերվատորիայում իմաստ ունի սովորել, եթե դասական երաժշտության ուղին ես բռնելու: Ֆուտբոլիստ դառնալու համար, օրինակ, պետք չէ ֆիզկուլտինստիտուտում սովորել, նույնկերպ էստրադային երգիչ դառնալու համար պետք չէ կոնսերվատորիայում սովորել: Ես դա հասկացել եմ վաղ տարիքից, թեպետ համալսարանում սովորելու տարիներին չէի էլ մտածում շոու-բիզնես մուտք գործելու մասին»,- մեկնաբանեց Գրիգորը:
Ի դեպ, նա ՀՊՏՀ-ում սովորել է գերազանց, որոշ ժամանակ աշխատել է հայաստանյան բանկերից մեկում, սակայն աշխատավարձի ցածր լինելու պատճառով թողել է աշխատանքը. «Իմ գրած մեկ երգի համար այդ ժամանակվա մեկ ամսվա աշխատավարձիցս մի քանի անգամ ավել գումար էի ստանում: Բանկում մնալու որեւէ մոտիվացիա չկար: Հասկացա, որ պետք է աշխատել ոչ թե ուրիշի, այլ սեփական բիզնեսը զարգացնելու համար: Ի դեպ, միջազգային կազմակերպություններում եւս աշխատել եմ որպես տնտեսագետ, եւ եթե այս ոլորտում շահութաբեր աշխատանք առաջարկվի, կընդունեմ հրավերը: Ամեն դեպքում, հիմա էլ ակտիվ կերպով օգտագործում եմ տնտեսագիտական գիտելիքներս, պլանավորում եմ սեփական բիզնես հիմնել»,- նշեց երգիչը:
Իսկ երգը նրա կյանքում եղել է միշտ. Գրիգորը սովորել է Երեւանի Կ.Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային եւ կոմպոզիցիայի բաժիններում: «Շոու-բիզնեսը կոմերցիա է, բիզնես դաշտ է եւ կապ չունի արվեստի հետ, հատկապես՝ մեր երկրում: Եթե ես անեմ այն, ինչը հաճույք է պատճառում ինձ՝ որպես արվեստի մարդու, երբեք չեմ հաջողի շոու-բիզնեսում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան