«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:
Ինչպես հայտնում են Երևանի պետական համալսարանից, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի:
Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու.
Վահրամ Ժորայի Դումանյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
Վահե Վաղինակի Հովհաննիսյան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
Պավել Սամվելի Գևորգյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
Աշոտ Սերոբի Սաղյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: