ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև օրվա վերջ կորոնավիրուսի վարակվածության կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թիվը կարող է ավելանալ, հասնելով՝ 420-430-ի, այս մասին Թորոսյանն ասելէ մարտի 16-ին կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում:
Նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շփման շրջանակից: Այս պահին ունենք 30 հաստատված դեպք, որից մեկը առողջացած է, և դուրս է գրվել: Միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը, հնարավոր է, որ մինչև օրվա վերջ հասնի 420-430-ի»,- ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ այս օրվա ընթացքում թեստավորվել են մոտ 20 հոգի, բայց հանարվոր է, որ նրանց թիվը ևս ավելանա, օրվա վերջում հասնելով 50-60-ի:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: