Երեկ ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից: Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու:
Մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը:
Վերջիններիս տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն:
Դեպքի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Արծվաբերդ համայնքի ղեկավար Սամվել Սողոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնել է, որ սպանության կասկածանքով բերման ենթարկված անձն իրենց գյուղի բնակիչ է, աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
«Ամուսնացած է ունի երեք անչափահաս երեխա, նորմալ աշխատում, ապրում էին։ Գյուղում որևէ ագրեսիվ կամ վատ վարքագծով երբևէ աչքի չի ընկել։ Իսկ թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի, անկեղծ ասած չեմ կարող ասել»,-ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ մինչև նա հասել է սպանության վայրը ոստիկանությունն արդեն իսկ ժամանած է եղել և բերման է ենթարկել 26-ամյա Արտակ Մ․-ին։
Նշենք, որ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լիդա Եղիազարյան