ԵԹԵ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՓՈՇՄԱՆԻ, ԿԼՍԵՆ ՆՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի՝ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը եւ հարցերին պատասխանելը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այլ հարցեր է առաջ քաշել:

 

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է եւս մի քանի անձի հանձնաժողով հրավիրելու ու արդեն վերջնական եզրակացության հանգելու հարցը: Արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ, հնարավոր է, այդ պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի հարցերին պատասխանելու համար: Բանն այն է, որ հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկեկո, ու այլեւս հնարավորություն չկա այն երկարաձգելու, ինչի համար էլ հանձնաժողովը պետք է առաջիկայում արդեն ավարտի հարցաքննության իր աշխատանքները ու  եզրակացություն ներկայացնի:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ուշի-ուշով հետեւում է հանձնաժողովի աշխատանքներին ու սպասում է այն եզրահանգմանը, որին պետք է գա հանձնաժողովը: ԱԺ իշխանական խմբակցության շատ պատգամավորների սրտով չէ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, անցել է շատ մեղմ, ու կոշտ հայտարարությունները, որը պետք է արվեր հանդիպումից հետո, չեղան: Նշվում է նաեւ, որ ՀՀ վարչապետը եւս դժգոհ է եղել հանդիպումից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ:

-Տիկի՛ն Պողոսյան, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո արդյոք որոշե՞լ է հանձնաժողովը այլ անձանց եւս հրավիրել հարցեր ուղղելու համար, արդյոք նոր բացահայտումներ եղա՞ն այդ առումով:

-Մեր աշխատանքային ընթացքը գծված է եղել միշտ, այո, մենք երկու կամ երեք հոգու հետ հանդիպում ունենալու ենք, եւ կարծում եմ՝ արդեն կավարտենք մեր աշխատանքները:

-Արդյոք մինչեւ հունիս արդեն հանձնաժողովը կկարողանա՞ ամփոփել աշխատանքները, քանի որ վերջնաժամկետ է նշված. եզրակացություն կունենա՞ք:

-Մեր աշխատանքային ժամկետը լրանում է, ու չեմ կարծում, որ կերկարացնենք, քանի որ արդեն վերլուծական աշխատանքին ենք անցել:

-Իսկ Ձեր կողմից նշված անձինք կապվա՞ծ են Սերժ Սարգսյանի կողմից մատնանշված անձանց հետ:

-Պլանավորված էր, ես ուղղակի անուններ չեմ հրապարակում, քանի որ մենք անունները հրապարակում ենք հանձնաժողովի աշխատանքային նիստից հետո, երբ որ մենք վերջնական հաստատում ենք այն անձանց անունները, ովքեր պետք է հանձնաժողով գան: Մենք գաղտնի չենք պահում:

-Մեր տեղեկություններով՝ ապրիլի 27-ին նիստ եք հրավիրել, որին պետք է ներկա գտնվի այդ անձանցից մեկը:

-Այո, բայց դեռեւս աշխատանքային քննարկում չենք արել, քննարկումը կանենք, կորոշենք ու կասենք:

-Մշտապես հանձնաժողովականները, հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, նշել են, որ Սերժ Սարգսյանի եւ Յուրի Խաչատուրովի ներեկայանալուց է կախված Ապրիլյան պատերազմի հանգամանքների բացահայտումը: Եթե արդեն հստակ է, որ Խաչատուրովը չի ներկայանլու հանձնաժողովին, դա նշանակո՞ւմ է, որ ինչ-որ բան չիմացված է մնալու այդ օրերի հետ կապված: 

-Մենք ինֆորմացիան ունենք, փաստաթղթերը ամբողջությամբ ստացել ենք, հարցում ենք իրականացրել, դրանք առկա են հիմա: Ցանկալի էր, իհարկե, լսել նաեւ Յուրի Խաչատուրովին, իր տեսակետը, իր մեկնաբանությունը, բայց դե չեկավ, ոչինչ, կանենք առանց իրեն մնացածը:

-Այսինքն Յ. Խաչատուրովին հանձնաժողով «բերելու» այլ քայլեր չե՞ք ձեռնարկելու, չի՞ լինելու նրա դիրքորոշումը պատերազմի հանգամանքների վերաբերյալ:

-Չէ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում եւ հանձնաժողովի մեծամասնության, որ եթե Խաչատուրովը ցանկություն հայտնի գալ եւ զրուցել մեզ հետ, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք զրուցել իր հետ, եթե փոխի որոշումը, բնականաբար, մինչեւ մեր աշխատանքի ավարտը:

-Իսկ այն պատասխանները, որոնք ակնկալում էիք լսել Սերժ Սարգսյանից, ստացա՞ք, արդյոք եղա՞ն բացահայտումներ այդ հանդիպումից:

-Հավատացե՛ք, այս մեկ տարվա ընթացքում բոլոր քննարկումներն են անցել արդյունավետ, ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացանք:

-Բայց, կարծես թե, ձեր թիմը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ են եղել հանդիպումից…

-Ես առաջին անգամ եմ լսում, պարոն Փաշինյանը չի խառնվում ապրիլյան հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս ընթացքում պարոն Փաշինյանը մեր աշխատանքային քննարկմանը չի խառնվել երբեւէ: Մենք հսկայական աշխատանք են կատարել, երեւի ասեմ՝ հազարավոր էջեր ենք ուսումնասիրել: Այն ամենը, ինչ մենք ստացել ենք, ինչ ունենք հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ, մենք ներկայացնելու ենք հանրությանը առանց որեւէ բան թաքցնելու, եթե դա չի վտանգի ազգային անվտանգությանը:

 

 

 

 

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻՆ ԹԱԹՈՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ԿԳԱ ԱԺ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է լինելու: Հանձնաժողով է գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն` իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Մեր տեղեկություններով՝ շատ թեժ քննարկում է սպասվում հանձնաժողովում, քանի որ պաշտպանը այս ժամանակահատվածում շատ ոլորտներում է ուսումնասիրություններ իրականացրել ու այն պետք է ներկայացնի հանձնաժողովականներին: Հանձնաժողովը պետք է հաշվետվությունը քննարկի, քանի որ այն պետք է ընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Մեր տեղեկություններով՝ հաշվետվությունում Արման Թաթոյանը անդրադառնալու է քրեակատարողական հիմնարկներում կատարվող դեպքերին, հոգեբուժական հաստատություններին, քաղաքական ազատություններին ՀՀ-ում, զանգվածային լրատվության միջոցների ազատությանը, մանկատներին, բժշկական հաստատություններին, կանանց եւ երեխաների հանդեպ բռնությանը եւ այլն, այսինքն՝ այս ժամանակատվածում տեղի ունեցած բոլոր այն մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովում եւս պատրաստվում են Թաթոյանի ներկայացվելիք հաշվետվությանը, որպեսզի համապարփակ հարցեր ուղղեն պաշտպանին՝ հասկանալու համար, թե որքանով է աճել ՀՀ-ում բռնությունը նշված ոլորտներում: Իսկ արդեն մայիսին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում Արման Թաթոյանը կպատասխանի հայրենի օրենսդիրների հարցերին իրենց կատարած ուսումնասիրությունների, հանգած եզրակացությունների վերաբերյալ: Ի դեպ, նշենք, որ խորհրդարանում Արման Թաթոյանին օբյեկտիվ պաշտպան են համարում, ինչի համար էլ, շատերի կարծիքով, վերջինիս ուսումնասիրությունները իրական են ու բխում են այն իրավիճակից, որն առկա է Հայաստանում:

Չնայած այն հանգամանքին, որ Արման Թաթոյանը նախկին իշխանությունների ժամանակ է ընտրվել որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց Աժ-ում թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը նրան համարում են օբյեկտիվ գնահատականներ հնչեցնող պաշտպան: Բայց թե այդ օրերին ինչ տեղի կունենա իրականում, ինչ հարցեր կհնչեն, ու ինչ պատասխաններ կտրվեն, դեռեւս դժվար է ասել:

Նյութեհո՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

ՆՇԱՆԱԿԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը իր օգնականի պաշտոնում նշանակել է Արթուր Ալեքսանյանին։ Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ նախկինում Թովմասյանը մտադրություն է ունեցել Ալեքսանյանին նշանակել երկրորդ խորհրդականի հաստիքի պաշտոնին։ Փաստորեն Սուրեն Թովմասյանը ցանկություն է ունեցել Ալեքսանյանին նշանակել իրեն խորհրդական, անգամ այդ մասին կոմիտեի ներսում անձամբ խոսել եւ քննարկել է։ Սակայն ArmLur.am-ի հրապարկումից հետո եւ «Այլաընտրանք կադաստր» նախաձեռնող խմբի արձագանքից եւ հորդորից հետո Թովմասյանը զղջացել է՝ հասկանալով նշված անձի նախկինում անցած ճանապարհը, որոշել է, ի վերջո, Ալեքսանյանին նշանակել օգնականի պաշտոնին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարությունից եւս Թովմասյանին հորդորել են Արթուր Ալեքսանյանին նշանակել օգնական, ոչ թե խորհրդական։ Հիշեցնենք՝ Ալեքսանյանը նախկին իշխանությունների օրոք զբաղեցրել Է մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Հիմնարկի միավորումից հետո նա գործազուրկ է դարձել։

 

 

 

 

ՀԱԳՈՒՍՏԻ ԴԵՖԻՑԻՏ

Հայաստանում առաջիկայում սպասվում է ամառային հագուստի եւ կոշիկի դեֆիցիտ։ Համենայնդեպս, նման մտահոգություններ ունեն մեր հանրապետությունում հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողները։ Պատճառը կորոնավիրուսն է։ Բանն այն է, որ աշխարհում հագուստի եւ կոշիկի արտադրությամբ զբաղվող գործարանները տեւական ժամանակ չեն աշխատել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիմնականում թուրքական եւ չինական ծագում ունեցող հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները չգիտեն, թե ինչ են սպառողներին առաջարկելու մոտ ամիսներին, քանի որ չեն կարողացել Չինաստանից, Թուրքիայից հագուստ, կոշիկ ներկրել եւ պահեստավորել։ Առեւտրականններն անգամ կատակում են՝ նշելով. «Ջինսե տաբատները մկրատով կտրելու ենք ու սարքենք շորտիկ, կամ էլ երկարաթեւ բլուզներ են հագնելու ամռանը»։ Բայց, մյուս կողմից, կշահեն այն առեւտրականները, որոնք ունեն պահեստավորած ամառային հագուստ, կոշիկ, թեկուզ նախորդ տարվա տեսականին։ Հուսանք՝ այդ տնտեսվարողներն առիթից չեն օգտվի եւ զգալի չեն թանկացնի իրենց պահեստավորած ամառային հագուստն ու կոշիկը։

 

 

 

ՉԻ ԻՄԱՑԵԼ

ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, եւ եթե  ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին: Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են:

 

 

 




Լրահոս