Դալիթայի աղոթքը` նախնիների հիշատակին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը օրերս հանրության դատին հանձնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգ: Այն կոչվում է «It՚s Armenians՚» («Հայերինն է»): Տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանում` «Ս. Խաչ Հարբոյան» բարձրագույն վարժարանի հովանու ներքո: «Ժողովուրդ»-ը Դալիթայի հետ զրուցել է երգի ուղերձի մասին, վերջինս տեղեկացրել է, որ իր մեծ տատիկը եւս Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել:

-Ի՞նչ ուղերձ ես փորձել փոխանցել երգի միջոցով եւ թիրախային ո՞ր լսարանի համար ես ներկայացրել ստեղծագործությունը:

-Երգի երաժշտությունն ավելի վաղ` «Եվրատեսիլ»-ից հետո, նվեր էի ստացել երգչուհի Էմմա Ասատրյանից, ով խորհուրդ տվեց ստեղծագործությունը ներկայացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Խոսքերը գրեց Անիտա Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հովիկ Հակոբյանն է, գործիքավորումը կատարել է Դավիթ Ջավադյանը: Երբ անցյալ տարի Լիբանանում էի, համերգի ժամանակ կայացավ երգի պրեմիերան, եւ այն բավական լավ արձագանք ունեցավ, հետո արդեն ինձ նվիրեցին տեսահոլովակը, որը նկարահանվեց հենց Լիբանանում: Ինչ վերաբերում է մեսիջին, ապա երգի վերանգիրն արդեն իսկ հուշում է, որ այն բոլոր հայերինն է` անկախ տարիքից: Սա 15-ամյա աղջկա աղոթքն է` նախնիների հիշատակին:

dalita

-Ինքդ օրերս ուղիղ եթերում հուզվեցիր` խոսելով Ցեղասպանության ականատես քո նախնիների մասին: Առհասարակ, տարիքով փոքրերին Ցեղասպանության թեման ժամանակին եւ ճիշտ կերպով մատուցելու խնդիր կա: Գուցե քո ե՞րգն էլ օգնի այդ հարցում:

-Իմ մեծ տատիկը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել, տասնչորս վանեցի երեխաներից փրկվել են միայն չորսը, ոտաբոբիկ ու սոված` հազիվ հասել են Պարսկաստան, ուստի նրանց հաջորդները ծնվել են արդեն հայրենիքից դուրս: Ինքս ունեմ փոքրիկների մեծ լսարան, եւ գուցե իմ երգն էլ նպաստի, որ նրանք տեղեկանան մեր ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող թեմային, երգի միջոցով աղոթքի մասնակիցը դառնան…




Լրահոս