Հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Այն վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել դեռ փետրվարի 6-ին՝ կապված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածին՝ խնդրելով պարզել դրանց Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Եվ փետրվարի 6-ից մինչեւ այժմ Սահմանադրական դատարանը չէր քննել հարցը՝ ելնելով լրացուցիչ նյութեր ուսումնասիրելի անհրաժեշտությունից, իսկ հունիսի 16-ին սկսել էր գործի դատաքննությունը եւ անցել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն կրկին անգամ որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել:
Հավելենք, որ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։ ԱԺ քննարկումների փուլում նախաձեռնության ռիսկերի մասին էին բարձրաձայնում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Իսկ Սահմանադրական դատարան դիմելու մասով հայտարարություն էր տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը եւ հայտնել, որ օրենքները ՍԴ ուղարկելու մասին որոշումներ ընդունելիս նախագահն առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպած անձինք մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքները կարող են բացասական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա, անվստահություն առաջացնել բանկային համակարգի նկատմամբ, հանգեցնել օտարերկրյա ներդրումների նվազեցմանը, դրամական միջոցների արտահոսքին և խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը:
Նաիրա Հովհաննիսյան