ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՆՈՐ ԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, այդ օրենքում փոփոխություններով փորձ է արվում սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:

 

Մասնավորապես, հոդվածներում մեկի փոփոխությամբ ամրագրվում է. «Ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) եւ թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ եւ մասնագիտական որակավորում»։

Լիազոր մարմինը միջպետական փոխադրումներ իրականացնելու բոլոր տեսակի իրավունքները տրվում են միայն այն կազմակերպություններին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն առկա են լիազոր մարմնի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային գրանցամատյանում: Էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառվելու համար կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնում են բանկային տեղեկանք առնվազն 9000 եվրոյին համարժեք դրամ՝ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում, եւ առնվազն 5000 եվրոյին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ տրանսպորտային միջոցի համար, կամ բանկային երաշխիք՝ սահմանված գումարի չափով, ինչպես նաեւ փոխադրումների կառավարչի մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն։

Կազմակերպությունը պետք է ունենա մասնագիտական որակավորման վկայական ունեցող փոխադրումների կառավարիչ: Մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ կամ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններում անընդմեջ 10 տարվա կառավարման ստաժ ունեցող անձինք ազատվում են որակավորման քննություն հանձնելուց:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն եւ ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ): ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի վարորդի մասնագիտական որակավորման քարտի վրա: Առաջին վերապատրաստման դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ շուտ, քան ՄՈՎ-ը ստանալուց հինգ տարի հետո: Մասնագիտական վերապատրաստման գործընթացին եւ վարորդի որակավորման քարտին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Որպես հիմնավորում նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Բացի այդ,  գործում է ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու ընդհանուր կանոնները սահմանող Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1071/2009 կանոնակարգը, որի պահանջներին համապատասխան պետք է ներդաշնակեցվի ՀՀ օրենսդրությունը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն որոշակի կատեգորիայի վարորդների պարբերական վերապատրաստման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Եվ, ահա, օրենսդրական փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտում երթեւեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներ:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.1-րդ կետի եւ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ:

 

 

ԿԻՍԱՄՅԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամը ՀՀ տնտեսությունում ձեւավորել է խորքային բացասական դրսեւորումներ: Արդյունքում, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների, հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% աճի դիմաց:

 

Ընդ որում, շինարարությունը ձեւավորել է -1.5 տոկոսային կետ բացասական նպաստում, ծառայությունները` -1.4 տոկոսային կետ, առեւտուրը` -1.2 տոկոսային կետ, իսկ արդյունաբերությունը` -0.3 տոկոսային կետ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությունը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6%-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ -ըպայմանավորված է առեւտրի (-4.1 տոկոսային կետ), ծառայությունների (-1.5 տոկոսային կետ) եւ շինարարության (-1.2 տոկոսային կետ) ոլորտների անկմամբ։ Տնտեսական ակտիվությանը դրական են նպաստել արդյունաբերության (0.4 տոկոսային կետ) եւ գյուղատնտեսության (0.2 տոկոսային կետ) աճերը: Անդրադառնանք առանձին ոլորտների եւ ենթաճյուղերի դինամիկային: 2020-ի առաջին կիսամյակում արդյունաբերության թողարկումը աճել է 1.5%-ով` նախորդ տարվա 6.9%-ի դիմաց: Ընդ որում, միակ ենթաճյուղը, որտեղ գրանցվել է աճի դրական ցուցանիշ, հանքագործական արդյունաբերությունն է: Վերջինիս ծավալները ավելացել են 24.3%-ով` ձեւավորելով դրական նպաստում 4.3 տոկոսային կետով: Սա հիմնականում պայմանավորված է մետաղական հանքաքարի արդյունահանման շոշափելի աճով (24.9%): Մտահոգիչ է այն փաստը, որ մշակող արդյունաբերության ենթաճյուղը կրճատվել է 3.6%-ով` ընդհանուր ոլորտի աճին նպաստելով բացասաբար -2.4 տոկոսային կետով: Բացասական միտումներ են գրանցվել նաեւ էներգետիկայի եւ ջրամատակարարման ենթաճյուղերում, որոնք կրճատվել են համապատասխանաբար 0.5%-ով (նպաստումը` -0.1 տոկոսային կետ) եւ 20.9%-ով (նպաստումը` -0.3տոկոսային կետ): Աճ արձանագրած հաջորդ ոլորտը գյուղատնտեսությունն է եւ ձկնորսությունը, որի համախառն արտադրանքը 2020-ի առաջին կիսամյակում ավելացել է 1.8%-ով` նախորդ տարվա 6.5% անկման դիմաց: Ընդ որում, ամենամեծ նպաստումը` 1.1 տոկոսային կետ, ձեւավորել է անասնաբուծության ենթաճյուղը` աճելով 1.9%-ով: Մյուս կողմից՝ բուսաբուծության ենթաճյուղը աճել է 1.4%-ով` ընդհանուր ոլորտի աճին նպաստելով 0.5 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, ապա այն նույնպես դրական է նպաստել գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճին 0.2 տոկոսային կետով (աճը՝ 3.0%):

Նյութերը՝ ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ իրենց շենքի բակը գտնվում է անբարեկարգ վիճակում, անձրեւներից հետո այնտեղ ջրափոսեր են գոյանում, ինչը խանգարում է ավտոմեքենաների երթեւեկությանը, անբարեկարգ   բակում երեխաները հնարավորություն չունեն խաղալու։ Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի բնակիչներից զատ, այդ շենքի բակով անցնող անբարեկարգ ճանապարհից  ամեն օր օգտվում են նաեւ հարակից շենքերի՝ Ազամարտիկների փողոցի 6-րդ եւ 8-րդ շենքերի բնակիչները։ Իջեւանի համայնքապետարանից այդ կապակցությամբ հայտնեցին, որ համայնքապետարանը նշված շենքի բնակիչներից նման դիմում չի ստացել, քաղաքի բազմաբնակարան շենքերը մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, համայնքապետարանը պարբերաբար իրականացնում է փողոցների եւ բակերի բարեկարգման աշխատանքներ, վերջին շրջանում համայնքապետարանը այս ոլորտում իրականացնում է այնպիսի մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք նախկինում երբեւէ չեն կատարվել, քաղաքի որեւէ խնդիր անուշադրության չի մատնվում, ժամանակի ընթացքում խնդրին տրվում է համապատասխան լուծում։ Իջեւանի բնակիչները հայտնում են, որ  Տավուշի մարզկենտրոնում խնդիրներ կան, որոնց տեղյակ է համայնքապետարանը, սակայն դրանք  այդպես էլ չեն  լուծվում։ Դրանցից է, օրինակ, թափառող, անտեր շների հարցը, որոնք Իջեւան  քաղաքի տարբեր հատվածներով խմբերով շրջելով՝ վտանգ են ներկայացնում բնակիչների համար։

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է  ՔՐՈՋ ՈՐԴՈՒՆ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է  Վլադիմիր Մարտիկի  Գյոզալյանի դատավարությունը; Նա մեղադրվում է այն բանում, որ 2019 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 15?30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 3-րդ փողոցի 36 շենքի 1-ին բնակարանում բնակարանի մասնաբաժնի առանձնացման հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր քրոջ որդու՝ Արթուր Ջիվանյանի հետ, որի ընթացքում ձեռքի մետաղյա հենակով մեկ անգամ դիտավորութամբ հարվածներ է նրա ծոծրակային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս։ Նախկինում չդատված Վ. Գյոզալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը»)։ Նրա նկատամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս