ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴՐՈՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում են Ստեփանակերտի եւ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Արձանագրվել են նաեւ հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այն, որ գործողություններում ներգրավված են թուրքական F-16 կործանիչներ եւ մեծաքանակ թուրքական դրոններ։ Այս մասին նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

-Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք:

-Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում՝ առաջին պատերազմի ավարտից՝ 1994թ. զինադադարից հետո։

-Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է, սակայն շատերը համաձայն չեն դրա հետ եւ ասում են, թե Հայաստանն է հրահրել։

-Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994թ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն հաղթեց պատերազմում՝ հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք պարտադրված կերպով Իոսիֆ Ստալինի կողմից միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, եւ այդ բանակցությունների ձեւաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջեւ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։

-Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց. «Ադրբեջանը թույլ չի տա որեւէ մեկին նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք պետք է վերադարձնենք, եւ մենք կվերադարձնենք այն։ Իմ վերջին պայմանն է, որ հայկական զինված ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Նա ասում է, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ դուք զինված ուժերը դուրս չեք բերել։ Դուք պատրա՞ստ եք այդ քայլին։

-Նախ եւ առաջ, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը նման հարցով դիմելը սխալ է, քանի որ նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Արցախին, ինչպես մենք ենք այն անվանում։ Նրանց վեճն այս ժողովրդի հետ է։

Այստեղ հարցը Հայաստանի կողմից «տարածքների օկուպացիայի» մասին չէ։ Սա մի տարածք է, որտեղ անգամ խորհրդային իշխանության տարիներին բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հայեր են եղել, քանի որ նրանք այստեղ բնակվում են հազարավոր տարիներ:

-Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձեւերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ եւ այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։

-Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել՝ արդյոք երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, ենթադրվում էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում, առհասարակ, կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայերը երբեւէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։

Երկրորդ. եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից եւ դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետեւ այդկերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։

-Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։

-Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ եւս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձեւը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես եւ քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե, առհասարակ, ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ եւ դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եւ դրանից հետո լինի նաեւ երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

 

 

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտերի կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային եւ օդային ճանապարհներով, որպես օժանդակություն, Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ:

 

«Կարեւորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների եւ Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետեւելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին»,-ասված էՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

 

 

ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԱՅՐԵԼ Է ԱՅԳԻՆ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է  Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Հովիկ Ծատուրյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ  համայնքի Արծվաբերդ բնակավայրում գտնվող,  իրեն պատկանող այգու հարակից տարածքում աղբ ոչնչացնելու նպատակով կրակ է վառել, կրակը տարածվել է՝ ընդգրկելով հարեւանությամբ բնակվող Հրանտ Շահնազարյանի այգին, ինչի հետեւանքով այրվել, անզգուշությամբ ոչնչացվել է Հրանտ Շահնազարյանին պատկանող այգում գտնվող 6 հատ խնձորենի, 9 հատ տանձենի, 3 հատ սալորենի, 2 հատ սոճի տեսակի ծառեր։ Դրա հետեւանքով պատճառվել է  խոշոր չափերի՝  831 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։ Հովիկ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով, կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել»)։ Հ. Ծատուրյանի նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ  մեկնարկել է ՀՀ տարածքային  կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության(GIZ) համատեղ իրականացվող «Լավ կառավարում՝ հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» գործողությունների ծրագրով նախատեսված «18 միավորված համայնքների տնտեսական զարգացման պլանների մշակում» միջոցառման իրականացումը։ Ծրագիրն իրականացվելու է նաեւ խոշորացված  Նոյեմբերյան համայնքում:  Միջոցառումը կազմված է երեք խոշոր բաղադրիչներից, մասնավորապես՝ համայնքների կարողությունների հզորացում տնտեսական զարգացման  պլաններ կազմելու բնագավառում, համայնքի տնտեսական զարգացման պլանի մշակում եւ դրան համապատասխան գործողությունների ներառում տարեկան աշխատանքային պլանում: Ծրագիրը ներառում է նաեւ ծրագրային առաջարկների մշակում, տարածքային զարգացման աշխատանքային խմբի կարողությունների հզորացում եւ համայնքների հետ մասնակցային մեթոդներով «Ձեռներեցության համար նպաստավոր համայնք» հայեցակարգի մշակում, տարածքային  զարգացման  բնագավառում ՏԻՄ-երի իրավասությունների եւ  գործառույթների տեսություն, օրենսդրական ու կանոնակարգող դաշտի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկությունների ձեւավորում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս