«ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ԱՆՏԱՐԲԵՐ Է». ԼԱՅԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լայանայի հետ, ում կարծիքով՝ արյունատենչ թուրքը հարյուր տարի անց նորից փորձում է իրականացնել ցեղասպանության իր ծրագիրը:

 

-Լայանա՛, ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախում սկսված պատերազմին:

-Հայ լինելով հանդերձ ինչպե՞ս կարող եմ որակել եւ անվանել Ադրբեջանի անվան տակ թուրքական ոտնձգությունները։ Արյունախում թուրքը 100 տարի անց նորից վերադարձել է իր ցեղասպանական ոճրագործական ծրագրին, 1920 թվականի սեպտեմբերի 23-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում պատմությունը կրկնվում է. թիրախավորելը անզեն խաղաղ բնակչությանը կրկնակի դատապարտելի է։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը հենց այս ժամանակահատվածում գնացին նման լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

-Աշխարհն այս ժամանակահատվածում պայքարում է նաեւ համավարակի դեմ: Սահմանները փակ են, եւ, ցավոք, իրենց ձեռնտու է այդ հանգամանքը։ Երկու շաբաթ անց նոր, կարծես թե, աշխարհը տեղեկանում է, թե ինչ ոճիր են կատարում թուրքադրբեջանասիրիավարձկանական միությունը, բայց, միեւնույնն է, բոլորն ընդամենը հանդես են գալիս կոչով, որն  ինձ համար հավասար է զրոյի. վիրավորական է, որ աշխարհը անտարբեր է, ինչպես նաեւ անտարբեր էր 1920-ին։ Շնորհակալ ենք մեր աշխարհասփյուռ հայությանը, որ ամեն տեղ ոտքի են կանգնել եւ ուզում են,  որ աշխարհը տեսնի Ադրբեջանի դեմքը: Մեր ազգը դարեր ի վեր ունի այդ միասնական պայքարի գենոկոդը։

-Արդյոք գո՞հ եք պատերազմական այս օրերին միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքից:

-Ըստ պատմության՝ ռուսը միշտ նույն չեզոք դիրքում է եղել եւ հիմա էլ շարունակում է մնալ, մինչեւ  թուրքի դանակը չհասցնի Հայաստանին:  Այսինքն՝  մենք մնացել ենք մենակ այս տեռորիզմի դեմ։ Մեր 18 տարեկան տղաների կյանքի գնով սահմանն ենք պահում։ Այո՛, հայի ոգին եւ վստահությունը ոչ մի ազգ չունի, բայց  մեր մայրերի եւ հայրերի այս ցավը, կորուստը ոչ մեկ չի կարող փարատել։ Ես ամեն րոպե սպասում եմ լավ լուրի, ամեն վայրկյան ուզում եմ, որ աշխարհը դատապարտի եւ սաստի Թուրքիային վերջապես, սա արդեն որերորդ ոտնձգությունն է տարբեր ազգերի եւ երկրների հանդեպ. մի՞թե միջազգային դատարանի առջեւ թուրքը պատասախան չի տալու, թեկուզ ռուսը թող միջամտի, թող մի րոպեում վերացնի այս արհավիրքը Արցախ աշխարհից, միայն թե թող վերջանա այս ամենը։ Հայը հող չունի տալու, Արցախը մերն է, մեր հայրենիքն է: Մեր տղաներին մաղթում եմ ուժ եւ կորով, իսկ ընկածներին՝ խոնարհում։ Ես՝ որպես մայր, հատկապես՝ տղայի մայր, ուզում եմ, որ այս հարցը լուծվի եւ երբեք էլ չբարձրացվի, որպեսզի հանգիստ սրտով բանակ ուղարկենք մեր երեխաներին։

-Այս փուլում Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, եւ ո՞րը պետք է լինի այս դարավոր թշնամության հանգուցալուծումը:

-Կարծես թե մեր կառավարությունը եւ մեր սփյուռքը բոլոր քայլերն արել են։ Մնում է միայն, որ աշխարհը դատապարտի կոնկրետ քայլերով, ոչ թե կոչերով։ Որքան հնարավոր է, շուտ վերջակետ դրվի այս հարցում, քանի որ մեր երեխաները շատ ափսոս են։ Միայն մի ցանկություն ունեմ՝ արթնանալ եւ լսել՝  վերջացավ պատերազմը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

«ՍԱ ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԵՎ ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ՏԱԼՈՒ ԵՆՔ». ԱՐԱԲՈ ԻՍՊԻՐՅԱՆ

Պատերազմական այս օրերին ամեն ոք, անկախ կագավիճակից, ցանկանում է որեւէ մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն մեր բանակի եւ սահմանում կանգնած զինվորիների, ովքեր առաջնագծում իրենց անկոտրում անառիկությամբ ջախջախիչ պայքար են մղում թշնամու հետ:

Նման մարդասիրական նախաձեռնություններով հանդես են գալիս շոուբիզնեսի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ երգիչ Արաբո Իսպիրյանը, որը զրուցել է ArmLur.am-ի հետ:

«Ինչ արել եմ, ինչ օգնություն, որ ցուցաբերել եմ մեր հայրենակիցների համար, այդ ամբողջը իմ մեջ է, եւ ես կարիք չունեմ ինչ որ մեկին ինչ-որ մի բան ցույց տալու: Ես միշտ պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ լինելու իմ զինվորների համար ամեն ինչ անելու, եթե հարկ լինի, նաեւ կմեկնեմ առաջնագիծ»,-նշում է նա:

Արաբո Իսպիրյանի խոսքով՝ առաջնագծում կռվող մեր տղաներն ինչ անում են, շատ ճիշտ են անում, եւ թող մեր զինվորներն իմանան, որ հայոց բանակը, սփյուռքը, այլ երկներն ու ազգեր եւս կանգնած են իրենց կողքին:

«Ինչ անում են, ճիշտ են անում, թող առաջ գնան, քանի որ մենք հաղթելու ենք: Ինչո՞ւ եմ այսքան վստահ. սա 90-ական թվականները չեն, այսօր տեխնիկան այնքան զարգացած է, եւ մենք այնքան  ճիշտ  ենք տիրապետում եւ վարում մարտը, որ անկասկած հաղթելու ենք:  Կոչ եմ անում իմ զինվորներին, իմ հայոց բանակին, գերագույն հրամանատարին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որ, իմացե՛ք, հայերը ձեր կողքին են, ինչքան  հնարավոր է, մենք պայքարելու ենք  հանուն մեր խաղաղության,  հանուն մեր ժողովրդի վաղվա ազատ օրվա»,-ընդգծում է Արաբոն:

Անդրադառնալով միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքին՝ մեր զրուցակիցը նշում է, որ դեռ ոչ մի հստակ, կոնկրետ քայլ նրանց կողմից չի տեսնում, բայց համոզված է, որ իրենք իրենց համարժեք պատասխանը վաղ թե ուշ կստանան:

«Կա՛մ մահ, կա՛մ ազատություն: Սա կենաց մահու պատերազմ  է, եւ կենաց մահու պատերազմ էլ տալու ենք: Փառք ու պատիվ մեր բանակին եւ մեր հերոս զինվորներին»,- մեզ հետ զրույցի վերջում հավելում է երգիչը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանիսայի բաց առաջնության կիսաեզրափակչում է: Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենո-Բուստուի հետ: 3 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը  4 սեթերում հաղթեց 4:6, 6:2, 6:3, 6:4 հաշվով: Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում կմրցեն Ջոկովիչ-Ցիցիպաս, Շվարցման-Նադալ զույգերը:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականին: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվող մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարին ներկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

 

 

ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԽՈՐՎԱԹՆԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Վրաստանի ազգային հավաքականների միջեւ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի խաղը կսպասարկեն Խորվաթիան ներկայացնող մրցավարներ: Լեհաստանի Տիխի քաղաքում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Իվան Բիբեկը, որին եզրերում կօգնեն Գորան Պատակին ու Բոյան Զոբենիցան: Չորրորդ պաշտոնյան է Իգոր Պայակը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան-Վրաստան հանդիպումը Երեւանի Հանրապետական ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում:

 

 

ԱՋԱԿՑՈՂ ԱԿՑԻԱ

Ռումինացի ֆուտբոլային երկրպագուները Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ակցիա են անցկացրել Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո: Նրանք Բուխարեստի կենտրոնում՝ հայկական եկեղեցու դիմաց, փակցրել են հայ ժողովրդին աջակցող պաստառ: Ակցիան անցկացնելու համար միավորվել են մի քանի ուլտրաս խմբեր՝ UST, HP, Camarazii, NOI, Grai Strabun, Dulce Romanie:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռումինացի երկրպագուներն անցկացնում են Հայաստանին եւ հայերին աջակցող ակցիա: Այս ակցիայի կազմակերպիչները 2016 թվականին կայացած Հայաստան-Ռումինիա (0:5) 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման համար Երեւան էին բերել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող պաստառ, որի վրա հետեւյալ գրառումն էր. «1.5 միլիոն խաչեր փայլում են երկնքում, ի վերջո, ինչ-որ մեկը պետք է ասի` ներե՛ք մեզ»: «Ինչ-որ մեկ» բառակապակցությունը գրված էր Թուրքիայի լիալուսնով:

 

 




Լրահոս