ԳՅՈՒՄՐՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական եւ վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ դիտավորությամբ վատնման եւ յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր եւ զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:

 

Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու եւ նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաեւ չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված եւ անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով տնօրենը նաեւ դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաեւ որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաեւ այլ պաշտոնատար անձի կաշառք տալ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու եւ իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու եւ աշխատանքի ընդունելու համար անձամբ նրան որպես  կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ): Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՐԶԵՑՎԵԼ Է

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ՝ հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային եւ ուղեւորային հայտարարագրի պարզեցված թղթային ձեւերը: Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլեւս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով էքսպրես փոխադրողի կողմից։ Էքսպրես բեռների համար ուղեւորային եւ ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը մինչեւ Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը:

 

 

 

1 ՄԼՆ 90 ՀԱԶԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2020 թվականի ընթացքում ձեռք է բերել 20 հազար 560 բժշկական դիմակ, 1 500 զույգ ձեռնոց, 260 լիտր ալկոգել եւ 4 անհպում ինֆրակարմիր ջերմաչափ: Այս մասին Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: «2020 թվականի ընթացքում ԿԳՄՍ-ի կողմից գնվել են ապրանքներ՝ 1 մլն 926 հազար դրամի, եւ ծառայություններ՝ 376 հազար դրամի: Նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների համար կատարվել են հետեւյալ ծախսերը. 1 մլն 90 հազար բժշկական դիմակի ձեռքբերում՝ 23 մլն 878 հազար դրամ, 6 480 հատ մակերեսների ախտահանիչ միջոցներ»,- նշել է Խաչատրյանը: Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ուսման վարձի փոխհատուցումից օգտվել է 3 470 ուսանող, ընդհանուր գումարը կազմել է 760 մլն 619 հազար դրամ: Պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվել է 11 հազար 275 ուսանող, ընդհանուր գումարը՝ 90 մլն 100 հազար դրամ»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Արկադի Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը լրացուցիչ կտրամադրվի:

 

 

 

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան  գրառումն  այն մասին, որ ադրբեջանցի խաղաղապահ զինվորները Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի տարածքում՝ նախկին Բարխուդարլու գյուղի  մոտ  չափագրումներ են կատարում, որպեսզի տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց։ Այդ տեղեկատվությունը հերքեց Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանը, Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը այդ լուրը  տարածելն անբարոյականություն համարեց։ Մարտի 8-ին մարզպետ Հայկ Չոբանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մի քանի անգամ  հերքեց Տավուշի սահմանագոտում չափագրումների  մասին լուրը, սակայն ավելի քան 17 րոպե տեւած հարցազրույցում մարզպետն այդպես էլ չհայտնեց, թե ինչ գործ ունեն ռուս զինվորականները Տավուշի մարզում։ Հայաստանի անկախանալուց հետո շուրջ 30 տարի Տավուշի մարզում ռուսական ռազմական ստորաբաժանումներ չեն եղել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղից  Սարգիս Ալեքսանյանը Ֆեյսբուքում հայտնել է. «Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երեւան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում եւ Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։ Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին  լուրերը բոլորը միաձայն հերքում են: Ինչեւէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ եւս  չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ  տավուշեցու առանց այն էլ լարված  առօրյան»։  Իմ տրամադրության տակ են  մարտի  5-ին Դիլիջանի թունելից վերեւ՝ Տավուշի մարզ մեկնող ռուսական զինվորական ավտոմեքենաների շարասյան լուսանկարներ։ Մարտի 8-ին համացանցում հրապարակվել են Իջեւանի քաղաքի շուկայի մոտ  սնվող, Իջեւանում տեղակայված զորամասի մուտքի մոտ գտնվող ռուս զինվորականների լուսանկարներ։ Հայտնի չէ, թե  ինչ  թվով  ռուս զինվորականներ են ժամանել Տավուշ, ինչ ժամկետով, ինչ առաքելությամբ, նրանք խաղաղապահներ են, թե այլ առաքելություն ունեն։ Համացանցում տեղեկություններ կան, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից 2 գումարտակ զինվորականներ են ժամանել Տավուշ, սակայն այդ տեղեկատվությունը  պաշտոնական հաստատման կամ հերքման կարիք ունի։  Նոյեմբերի 9-ին մի քանի անգամ զանգահարեցի ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի  պարզեմ, թե ինչ առաքելությամբ են Տավուշում գտնվում ռուս զինվորականները, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս