ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՏԵԼ Է ՇՓՄԱՆ ԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել. «Մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խզազեն տակ կոչվող տեղամասի խաղողի այգում էտման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի եւ Երվանդ Բալայանի ուղղությամբ։

 

 

 

Նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը եւ Ռուբեն Ալավերդյանը Շեխերի երես կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։ Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

 

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում՝ Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս  ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:

 

Մարտի 25-ին Ադրբեջանը հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

 

Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 

Վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի եւ Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջեւ, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին՝ խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ։

 

Անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի կարեւորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը մարտահրավեր է նետում ողջ միջազգային իրավակարգին։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ խնդրելով իրենց մանդատի ողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

 

Միաժամանակ խնդրել եմ հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին»։

 

 

 

 

ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ ՋՐԱՌԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ, ՎՆԱՍՆԵՐԸ՝ ՈՉ

 

Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանը հայտնեց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, Աղստեւի աջ ափին պատ կառուցելով,  այժմ դենդրոպարկի ջրառը վերագործարկել է։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում՝ ափին նախկինում կատարված ապօրինի մեծածավալ  շինարարության հետեւանքով ավելի քան երկու տարի առաջ դենդրոպարկի  ջրառը զրկվել էր Աղստեւի  ինքնահոս  ջրից։ Դենդրոպարկի   ջրառը վերագործարկելու համար պահանջվեց երկու տարի եւ  յոթ ամիս։

 

Ըստ Մ. Սայադյանի՝ այդ երկու տարի եւ յոթ ամսում դենդրոպարկում  չորացան  շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր եւ մոտ 24 հազար տնկի։ Այդ մեծ վնասների վերաբերյալ   Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները  լռել են։ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Աղստեւ գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու  եւ գործարանի կողմից  ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի  1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով, քրեական վարույթ  է նախաձեռնվել, նախաքննության ներկա փուլում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում  հարուցված չէ։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։

 

Գործարանը շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝  2 միլիոն 500 հազար դրամի չափով։ Գրեթե մեկուկես տարվա ընթացքում կատարած քննության  արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ ոչ  մեկին մեղադրանք չի առաջադրել, չի պարզել, թե Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետը հունը, ափը ավերելու,  հարյուրավոր մետր երկարությամբ անօրինական մեծ պատ կառուցելու, Իջեւանի դենդրոպարկը  ջրազրկելու հետեւանքով շրջակա միջավայրին, Իջեւանի դենդրոպարկին ինչքան վնաս է պատճառվել։ Ավելին՝ Իջեւանի գինու, կոնյակի    գործարանը «պարգեւատրվել է»՝  վարձակալությամբ դենդրոպարկից ստանալով 5,7 հեկտար տարածք։ 2023թ.  հունվարի 16-ին   «Արգելոցապարկային համալիր»  ՊՈԱԿ-ի գրասենյակում կայացել է Իջեւանի դոնդրոպարկի տարածքի երկրորդ մասի՝ 5,7 հեկտարի վարձակալության տրամադրելու մրցույթ, որում հաղթել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 2023թ. փետրվարի 2-ին  «Արգելոցապարկային համալիր»   ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին     հանգստի գոտու վերածելու նպատակով։

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

 

Հաշվի առնելով պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում արձանագրվող տրանսպորտային միջոցների հոսքերի ավելացումը՝ հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի 2023 թ. մարտի 23-ի թիվ 276-Լ հրամանով, լրացում է կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թ. հունիսի 6-ի թիվ 342-Լ հրամանում: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից: Արդյունքում սահմանվել է, որ 2023 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2023թ.-ի մայիսի 31-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետի փոխարեն, Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչությունում:

 

 

 

ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

Ֆրանսիան կկրկնապատկի 155-միլիմետրանոց արկերի մատակարարումներն Ուկրաինային: Նման տեղեկություն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Figaro թերթին տված հարցազրույցում։ «Մենք կմատակարարենք նաեւ Ուկրաինայի հակահարձակման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորում. մենք կկրկնապատկենք 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները, մարտի վերջից կմատակարարվի ամսական երկու հազար հատ», – ասել Է նա։ Բացի այդ, նախարարի խոսքով՝ առաջիկայում Ուկրաինայի զինված ուժերին կհանձնվի Samp/T զենիթահրթիռային համալիր։ Դրա հետ մեկտեղ, հավելել է Լեկոռնյուն, քննարկվում է Ուկրաինայի համար օգնության հիմնադրամին կրկնակի վճարումների հարցը։ Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։ Լեկոռնյուն անցյալ շաբաթ հայտարարել Է, որ Ֆրանսիան պլանավորում Է մինչեւ տարեվերջ կրկնապատկել իր ռազմական արտադրության ծավալը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունը ռազմարդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվել է մեծացնել զինամթերքի արտադրությունն ինչպես Ուկրաինայի զինված ուժերի, այնպես էլ սեփական բանակի համար, ինչպես նաեւ վերսկսել ռազմավարական նշանակություն ունեցող շուրջ 20 անուն ռազմամթերքի արտադրություն իր տարածքում: 155 մմ տրամաչափի հրետանին առկա Է ՆԱՏՕ-ի սպառազինության մեջ։ Ֆրանսիան, մասնավորապես, Ուկրաինա է ուղարկել TRF1 քարշակային հաուբիցներ եւ Caesar ինքնագնաց հրետանային կայանք:

 




Լրահոս