ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՆԽՎԵՑ ԴԻԼԻՋԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Դիլիջանի բժշկական կենտրոնում մահացել է Դիլիջան քաղաքի բնակիչ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը: Բ/կ-ի վիրաբույժներն ասացին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, նրա հարազատները Երեւանից բժիշկների խումբ են հրավիրել, սակայն նրանք եւս անկարող են եղել փրկել Նավասարդի կյանքը:

Նավասարդ Աբգարյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել, նաեւ դեմքին՝ դանակի հարված: Նա Դիլիջանի ոլորանների սկզբնամասում գտնվող «Հաղարծին» ռեստորանի տեր, գործարար Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:
Երեւանի «Արմենիա» բ/կ-ից տեղեկացանք, որ այնտեղ տեղափոխված 34-ամյա Արտավազդ Թամրազյանը եւս մահացել է: Վերջինս Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին է: Տեղեկացնենք, որ ե՛ւ Ն. Աբգարյանը, ե՛ւ Ա. Թամրազյանն ամուսնացած էին:
Իսկ ինչի՞ց էր առաջացել վեճը: Դիլիջանի բնակիչները «Ժողովուրդ»-ին ասացին, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Դիլիջան-Երեւան ճանապարհի հարեւանությամբ՝ քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի մոտ, երկու երիտասարդները հանդիպել են հին, չկարգավորված հարաբերությունները պարզելու նպատակով: Նրանց միջեւ թշնամություն է եղել: Դիլիջանցիների խոսքով՝ կռվի ժամանակ գործադրվել են ատրճանակ, ինքնաձիգ, դանակ: Արձակված գնդակներից մեկը խոցել է այնտեղ կայանած կարմիր գույնի «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան, սակայն վարորդը չի տուժել:
Ն. Աբգարյանը Դիլիջանի երիտասարդության մի մասի մեջ հեղինակություն էր համարվում: Նա 2011թ. հուլիսին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում քեֆի ժամանակ ծագած վիճաբանության ժամանակ գազային ատրճանակից կրակել էր եւ ամիսներ շարունակ հետախուզվում էր իրավապահների կողմից: Ն. Աբգարյանի եւ Ա. Թամրազյանի անհաշտ հարաբերությունների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 2013թ. հուլիսի 7-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող գազալցակայանի վրա Թեղուտի գյուղապետի մյուս որդի Արագած (Արգո) Թամրազյանը որսորդական հրացանով կրակել էր: Այդ ժամանակ վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 185 հոդվածի 2-րդ մասով (ուրիշի գույքը հրկիզման, պայթյունի… եղանակով ոչնչացնելը կամ վնասելը): Այդ դեպքից հետո իրավապահները մեզ չէին ասում կրակոցների իրական պատճառը: Մեր ունեցած տեղեկություններով՝ գյուղապետի որդին գազալցակայանի վրա կրակել էր, որովհետեւ այդտեղ էր աշխատում Ն. Աբգարյանի մտերիմ ընկերը:
Դիլիջանի ողբերգությունը հնարավոր էր կանխել, եթե ժամանակին Դիլիջանի եւ Տավուշի մարզի հեղինակություն ունեցող, իշխանական լծակներով օժտված մարդիկ իշխանություններին մոտ կանգնած, գործարարությամբ զբաղվող ընտանիքների երիտասարդներին հորդորեին ետ կանգնել թշնամանքի վտանգավոր ճանապարհից եւ խաղաղ ապրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս