Որ դեպքում Հովհաննես Բաբախանյանը կվերադառնա Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, նկարահանվել է ամերիկյան նոր ֆիլմում, որը շուտով կհայտնվի էկրաններին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տիրող մթնոլորտին եւ նշել, թե որ դեպքում կվերադառնա հայրենիք:

-Այժմ ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղված: Գիտենք, որ ամերիկյան նոր ֆիլմում եք նկարահանվել, կպատմե՞ք:

-Խաղում եմ ֆիլմերում, ներկայացումներում, որպես երգիչ ներգրավված եմ համերգներում: Վերջին ֆիլմը, որտեղ հանդես եմ եկել, կոչվում է «Սեր կամ ժպիտ», նախատեսված է ամերիկյան հանդիսատեսի համար, այն շուտով կհայտնվի էկրաններին: Այստեղ նկարահանվել է նաեւ դուստրս՝ Էլլան: Ի դեպ, ստեղծագործական կազմում միայն մենք ենք ազգությամբ հայ: Բացի այդ՝ կա եւս երկու նոր ֆիլմ, որոնցում պատրաստվում եմ հանդես գալ: Այս տարի կփորձեմ խաղալ նաեւ «I And I» մոնոներկայացումս:

-Իսկ Հայաստանում ե՞րբ հանդես կգաք ներկայացմամբ, հայաստանյան ծափերին չե՞ք կարոտել:

-Իհարկե, կարոտել եմ, անպայման կփորձեմ առաջիկայում մի նոր ու օրիգինալ աշխատանքով ներկայանալ հանդիսատեսին:

-Այդտեղից հետեւո՞ւմ եք՝ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, ծանո՞թ եք այստեղի ընդհանուր մթնոլորտին: Մեզ համար այնքան էլ հեշտ ժամանակներ չեն. մի կողմից՝ Գյումրիի դեպքերին հաջորդած խուճապը, մյուս կողմից՝ սահմանին տիրող լարվածությունը…

-Ես ուզում եմ, որ բոլորս միասին, ազգովի մեր աղոթքն ուղղենք առ Աստված ու խնդրենք, որ նա բարի աչքով նայի մեզ: Մենք տաղանդավոր ու Աստծուց օժտված ազգ ենք, ուրեմն փորձենք պահել մեր հոր պատվիրանները: Ես հավատում եմ իմ ազգի պայծառ ապագային, որովհետեւ մենք՝ հայերս, անգամ մեր ենթագիտակցության մեջ ենք քրիստոնյա:

-Ո՞ր դեպքում կվերադառնաք հայրենիք:

-Երբ իսկապես զգամ, որ դրսում ներկայացա այնպես, որից հետո կարող եմ գալ ու մի նոր, դրական կաթիլ ավելացնել իմ ազգային անծայրածիր մշակութային օվկիանոսում: Ինքս միշտ հաշվի եմ նստում իմ հանդիսատեսի պահանջների հետ եւ շնորհակալ եմ, որ նրանք ինձնից բարձր ու մաքրամաքուր կատարում են ակնկալում: Կփորձեմ մնալ այն հարթության վրա, որին նրանք ինձ դասում են:

Աննա Բաբաջանյան




Լրահոս