ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից արդեն սպառողները կարող են օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարել: Այլ կերպ ասած` հոսանքի նոր սակագինը մտնում է ուժի մեջ: Բայց, ինչպես հայտարարվել էր ՀՀ Կառավարության կողմից, բնակչության հոսանքի թանկացած սակագինը կսուբսիդավորեն` մինչեւ խորհրդատվության ավարտը: Կառավարությունը երկար «քննարկումներից» հետո որոշում կայացրեց մինչեւ 500 կվտ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ներին եւս սուբսիդավորել, իսկ մնացածը կսկսեն վճարել թանկ գնով:
Armlur.am-ի հետ զրույցում «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Ցոլվարդ Գեւորգյանն ասաց` ՓՄՁ-ն ինչպես կարող է տեղավորվել այդ 500 կիլովատի մեջ, ով է արել այդ հաշվարկները: «Թող ամենափոքր խանութը դնեն, հաշվեն, թե քանի հատ սառնարան ունի եւ ինչ հզորությամբ: Եթե տարեկան 100 մլն շրջանառություն ունի, ինչպես կարող է 500 կ/վ-ի մեջ տեղավորվել: Կամ եթե 500 են ասում, մի քիչ ավել է ծախսում, գոնե թող այդ 500-ը սուբսիդավորեն: Այսպես ոնց կլինի: 500 կվտ-ն ինչ է մի խանութի համար: Այդ որոշումը կա՛մ եղած, կա՛մ չեղած է: Այսինքն` ասում են՝ մնացեք մանր, մնացեք աննշան, թույլ, անճարակ, վերջ: Սա ոչ մի ՓՄՁ-ի էլ պետք չէ»,- ասաց Ցոլվարդ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 6.93 դրամով՝ կազմելով 48.78 դրամ: Այդ որոշումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց հունիսի 17-ի նիստում:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ
«Վարչապետի ասածը տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում: Ես կարծում եմ, որ նրա ասածը վերաբերում է Հայաստան մատակարարվող գազին»,- Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԵՏՄ-ում ռուբլու փոխարժեք օգտագործելուն, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Եթե իրոք մենք ռուբլիով վճարենք, բնականաբար, մենք այդտեղ շահեկան վիճակում կլինենք: Իսկ մնացած առեւտուրը ռուբլիով իրականացնելուն այսօր մենք դեռեւս պատրաստ չենք», – նշեց նա:

 

 

ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները փախստականների քողի ներքո կարող են ներթափանցել Եվրոպա, այնուհետ նաեւ՝ Հռոմ: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկը պորտուգալական «Ռադիո Ռենեսանս»-ի հետ հարցազրույցում: «Այսօր անվտանգության պայմանները փոխվել են, քանի որ Սիցիլիայից 400 կմ հեռավորության վրա է գտնվում ամենադաժան ահաբեկչական խմբավորումը: Բացի այդ՝ կա ներթափանցման վտանգ»,-ռադիոկայանը մեջբերում է վերջինիս խոսքը: Հռոմի պապը նշել է նաեւ. «Հռոմն ապահովագրված չէ ահաբեկիչների ներթափանցումից, սակայն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

 

ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Նաիրիտի» աշխատակիցները գործարանի վերագործարկման պահանջով սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին հավաքվելու են Կառավարության դիմաց: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել են իրենք` նաիրիտցիները: Հիշեցնենք, որ նրանք տեւական ժամանակ պայքարում էին աշխատավարձի պարտքի մարման համար եւ, ի վերջո, հաջողության հասան: Հիմա էլ նաիրիտցիները սկսում են պայքարը գործարանի վերագործարկման համար: Ավելի վաղ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները «ժողովուրդ»-ին փոխանցել էին, որ թեկուզ իրենցից քչերը կկարողանան աշխատել գործարանում, այնուամենայնիվ, իրենք պահանջելու են վերագործարկել այն. ««Նաիրիտ»-ից Հայաստանը չպետք է զրկվի»: սակայն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ գործարանի վերագործարկման համար ահռելի գումարներ են անհրաժեշտ, իսկ ներդրողներ չկան:

 

ՉՎԵՐԹՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ
Չեխական ավիաուղիները նախատեսում է վերսկսել Երեւան-Պրահա չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից: Երեւան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88.960 ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162.460 ՀՀ դրամից՝ ներառյալ հարկերը եւ վճարները: Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երեւան-Պրահա եւ հետադարձ ուղղությամբ: Չվերթները իրականացվելու են «Էյրբաս» A319 ինքնաթիռով, որը ունի ե՛ւ էկոնոմ, ե՛ւ բիզնես կարգի նստատեղեր: Առավոտյան՝ տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ Երեւանից եկող ուղեւորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ եւ այլն: «Փորձելով վերականգնել դեպի Երեւան չվերթները՝ մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը, սեզոնով պայմանավորված, շատ անհավասարակշիռ է,- լրագրողների հետ զրույցում նշել է չեխական ավիաուղիների կոմերցիոն միավորման եւ մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը եւ ավելացրել,- ինչ վերաբերում է չվերթների հետագա իրականացմանը, մենք ուսումնասիրել ենք 2016թ ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որեւէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի եւ դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»:




Լրահոս