ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, մարտի 9-ին Սերժ Սարգսյանը իր փեսային` Միքայել Մինասյանին, նշանակեց Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): Այս նշանակումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:  
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կբացատրեք Միքայել Մինասյանի նշանակումը: Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ հեռացրեց իր փեսային Հայաստանից: Մինասյա՞նն էլ արտագաղթեց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ այդ նշանակման մեջ արտառոց բան կա: Մենք այնտեղ դիվանագիտական պատվիրակություն ունենք եւ, բնականաբար, պետք է ներկայացուցիչ ունենանք: Միակ արտառոց բանը, որ այստեղ կա, այն փաստն է, որ Միքայել Մինասյանը նախագահի փեսան է, բայց եթե անգամ նա նախագահի փեսան է, ի՞նչ է, իրավունք չունի՞ դեսպան նշանակվել: Եթե մենք տասնյակ երկրներում դեսպաններ ունենք, ուրեմն նշանակում է՝ բոլոր մարդիկ հեռացվո՞ւմ են մեր երկրից: Իսկ ինչո՞ւ հենց ինքը. ես նշեցի, որ նա ունի համապատասխան կրթական ցենզ եւ իրավունք ունի աշխատել, հիմա որ փեսան է, չաշխատի՞: 
Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանին նշանակելով Վատիկանի դեսպան, ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ Վատիկանը աշխարհի կաթոլիկների կենտրոնն է, եւ, առհասարակ, այդ ոլորտը շատ պատասխանատու ոլորտ է, եւ ես չեմ կարծում, որ Միքայել Մինասյանը հեռացվել է, աքսորվել կամ արտագաղթել:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Վատիկանում օֆիս է դրվելու կամ չգիտեմ ի՞նչ է արվելու: Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ. Միքայել Մինասյանը ոչ մի տեղ էլ չի հեռացվել: Կրկնում եմ, որ հեռացման հանգամանք չեմ տեսնում, որովհետեւ Վատիկանի դեսպանը լինելով՝ նա կարող  է լինել նաեւ Երեւանում ու իր գործն անել, եւ այդ առումով գործառույթների ոչ մի փոփոխություն չի լինի: Բայց մյուս կողմից ցավալի է, որ, ինչպես նկատում ենք, բարեկամներին սկսել են նշանակել այդպիսի կարեւոր պաշտոնների: Գիտեք, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը նույնպես դեսպան է, իսկ հիմա էլ Սերժ Սարգսյանն է նշանակում իր փեսային դեսպան: Այսինքն՝ բարեկամներին այդպիսի կարեւոր պաշտոնների նշանակելու կոռուպցիոն ռիսկերը շարունակվում են, եւ այդ ուղղությունը ծաղկում է հենց  այս իշխանությունների օրոք:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի պատասխանատու
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հ.Գ.  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, 2008թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է (համատեղության կարգով ՀՀ դեսպանը Վիետնամի, Կորեայի եւ Սինգապուրի հանրապետություններում):




Լրահոս