Ո՞Վ ՓՈՐԵՑ ԱՇՈՏՅԱՆԻ ՈՏՔԻ ՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, Հայաստանում 3 նախարարությունների եւ 2 մարզի կառավարումը կհանձնվի Դաշնակցությանը: Հանուն քաղաքական համագործակցության անհրաժեշտության՝ ՀՀԿ-ն «զոհաբերեց» իր թիմակիցներին:

Կասկածից վեր է, որ պաշտոնից ազատված ՀՀԿ-ականները «անգործ» չեն մնա: Նրանք ինչ-որ պարտականություններ կստանձնեն առաջիկայում: Բայց այդ առաջիկա ասվածը մինչեւ 2017 թվականի ընտրություններն են, թե դրանից հետո, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ դեռեւս պաշտոնյա ՀՀԿ-ականները պետք է զինվեն համբերությամբ՝ սպասելով իրենց հերթին:
Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր էր, թե ինչ սկզբունքով ընտրվեցին նախարարները, որոնց ՀՀԿ-ն «զոհաբերեց»: Արդյո՞ք միայն դաշնակցության պահանջները կարող էին գերակա լինել իշխող ՀՀԿ-ի համար:
Թեեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «անտեր նախարարներին հանել են, ով տեր ունի՝ թողել», այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ իրականում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը ամենեւին էլ հավատարիմ ՀՀԿ-ական չէր: Նա այսքան տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ ՀՀԿ-ի համար «սվոյ» գործիչ, եւ նրա «զոհաբերումը» զարմանալի չէր: Ավելին՝ Ճշմարիտյանը առանձնապես էնտուզիազմով չէր էլ աշխատում, եւ կարելի է ասել՝ էկոնոմիկայի ոլորտը վերջնականապես ձախողված է նաեւ նրա պաշտոնը «յոլլա տանելու» սկզբունքով առաջնորդվելու հետեւանքով:
Տարօրինակ չէր նաեւ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը, որով կրկին բաժանվեց ՏԿԱԻ նախարարությունը: Իրականում կյանքը ցույց տվեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման միացված նախարարությունների աշխատանքը Արմեն Երիցյանին վստահելը այնքան էլ արդյունավետ չէր: Նա փայլուն ԱԻՆ ղեկավար էր, բայց ոչ տարածքների կառավարիչ: Նրա մոտ չստացվեց այդ ոլորտի կառավարումը: Եւ այս իմաստով կարելի է արդարացված համարել նախարարության կրկին բաժանումը: Բայց դժվար է ասել, թե ինչպես կարող է աշխատել Դավիթ Լոքյանը, մարդ, որ նոր, թարմ մտքեր դժվար թե կարողանա գործածության մեջ դնել:
Այս իրավիճակում ամենազարմանալին, իհարկե, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգստի» ուղարկելու որոշումն էր: Ինչպես Աշոտյանը հայտարարեց՝ նա կլինի իր աշխատավայրից մինչեւ 1 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում: Ու ակնհայտ է, որ Աշոտյանին «զոհելու» Սերժ Սարգսյանի որոշումն իրականում ՀՀԿ ներսում առկա խանդի տեսարանների արդյունք էր: Ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում: ՀՀԿ-ում ոչ բոլորին էր դուր գալիս Աշոտյանի չափից ավելի ակտիվությունը. նա ամենուր էր: Աշոտյանին կուսընկերները նույնիսկ մեղադրում էին իր քայլերով կուսակցական գործունեությունը «կապիկության» վերածելու մեջ: Բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Աշոտյանին հրաժարական պարտադրելն ու կուսակցություն ուղարկելը ՀՀԿ-ի կողմից այնքան էլ ճիշտ ու արդար որոշում չէր, քանի որ ՀՀԿ-ի ողջ բեռը նա պատվով տանում էր: Ճակատագրական պահին մենամարտից չէր խուսափում, կուսակցության համար անձնական հեղինակությամբ վճարելու հեռանկարից չէր փախչում: Երբեմն ավելին էր վերցնում իր ուսերին, քան անհրաժեշտ էր ու, բնականաբար, աչքի էր ընկնում: Եւ սա առաջացրեց կուսակցական խանդ:
Ու պատահական չէր, որ փետրվարի 10-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կսմիթով ասաց, թե. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Աշոտյանին, որ ինձ հանձնարարականներ է տալիս, բայց ինձ հանձնարարականներ տալիս է միայն կուսակցության նախագահը»:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առանձնապես չէր ընկալվում նաեւ ՀՀԿ մյուս փոխնախագահների կողմից: Նրա եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները հարթ չեն: Աշոտյանն առավել գերադասում է շփվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, ով համարվում է Աբրահամյանի հիմնական մրցակիցը՝ դրանից բխող «անկուսակցական» հետեւանքներով: Եւ այս կաթիլ-կաթիլ անհասկացվածությունը վերածվեց կոնկրետ որոշման:
Իհարկե, հանուն ճշմարտության պետք է ասել, որ, հիրավի, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը որպես կրթության նախարար չէր փայլում, ձախողումներն ու դժգոհությունները շատ-շատ էին: Բայց մյուս կողմից անհերքելի իրողություն է, որ Արմեն Աշոտյանը փայլուն քաղաքական գործիչ է, եւ նրա այդ իմիջը ընկալվում է ինչպես իշխանության ու ընդդիմության, այնպես էլ լրատվական դաշտի կողմից:
Եւ պետք է արձանագրենք, որ Արմեն Աշոտյանի չափից դուրս ակտիվությունը կուսակցությունում ու իշխանական բուրգի անկուսակցական հատվածում խանդի առարկա դարձավ: Ու մասնավոր զրույցներում հնչող մտահոգությունները, թե անլրջացրել է կուսակցությունն ու նախարարի պաշտոնը, հասավ նաեւ Սերժ Սարգսյանին, ով, ի վերջո, «հարմար պահի» կայացրեց այդ որոշումը՝ Արմեն Աշոտյանին ուղարկելով ՀՀԿ փոխնախագահի «ակտիվ աշխատանքի»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ՁԵՌՔՆԵՐԸ ԳՑԵԼ ԵՆ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ
Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որը փաստում է Հայաստանի տնտեսության ողբերգական վիճակը, որը իշխանություններին ստիպում է այլեւս «ձեռքները գցել փրփուրներից»: Ըստ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն արտերկրում ՀՀ դեսպանների հետ խորհրդակցությունների շարք է սկսել: «Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի, նոր նախագծերի, ներդրումների եւ առեւտրաշրջանառության ավելացման հնարավորությունները»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այլեւս ստիպված է անձամբ զբաղվել փող հայթայթելու գործով: Առաջին խորհրդակցության «հյուրը» եղել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Իհարկե, փորձը փորձանք չէ, բայց ողջ խնդիրն այն է, որ ներդրումները որեւէ երկիր հենց այնպես չեն հոսում, եւ դեսպաններն էլ այդ հարցում ոչնչով օգնել չեն կարող: Փողը հոսում է այն երկրները, որտեղ ներդրողներն իրենց ապահով են զգում: Իսկ Հայաստան ներդրումները քիչ են գալիս, քանի որ նույն Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած իշխանությունը՝ իրենց վարած քաղաքականությամբ, ամեն ինչ արել են, որ օտարերկրյա ներդրողները խուսափեն մեր երկրում գործ սկսելուց:

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարի 1-ից մինչեւ երեկվա դրությամբ թողարկվել է 10 միլիարդ 500 միլիոն դրամի պարտատոմս: Միեւնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը փետրվարի անցած ժամանակահատվածում ետ է գնել մեկուկես միլիարդ դրամի նախկինում թողարկված պարտատոմսեր: Նշված մեկուկես միլիարդ դրամի պարտատոմսերի ետգնման արդյունքում պետբյուջեն 7,7 մլն դրամի «վնաս» է կրել: Վերը բերված տվյալները ենթադրում են, որ երեկվա դրությամբ թողարկված եւ ետ գնված պարտատոմսերի ծավալները հաշվի առնելով Հայաստանի պետական պարտքը փետրվարին արդեն իսկ աճել է 9 միլիարդ դրամով, կամ նույնն է, թե 18 մլն դոլարով: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 միլիարդ 86 մլն դոլար:

 

ՀԱԷԿ-Ը 1,5 ՄԼՐԴ ԿՆԵՐԴՆԻ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ 2016 թվականի ներդրումային ծրագիրը, որի նպատակը կայանի անվտանգության եւ հուսալիության մակարդակի բարձրացումն է եւ հիմնական միջոցների փոխարինումը, կազմում է ավելի քան 1 մլրդ 537 մլն դրամ: Նշված գումարի մեջ ներառված չէ այդ գումարից հաշվարկվող ավելացված արժեքի հարկը: Այս մասին տեղեկանում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից: Ըստ այդմ, ՀԾԿՀ-ն փետրվարի 24-ին նախատեսված նիստում իր համաձայնությունը կտա ընթացիկ տարվա համար նախատեսված ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագրին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԻՇԵՑՐԵԼ Է
«Բնական է, նորմալ է, բանավեճ է տեղի ունենում»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՏԿԱԻՆ-ի բաժանման հարցի քննարկմանը` երեկ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն ժամանակ, երբ միավորում էին, ես կողմ չէի: Ժամանակին նույն ԱԻՆ-ը չկար, դա ստեղծվեց հենց ՕԵԿ-ին տրամադրելու համար: Դրա համար մարդիկ, երբ հայտարարություն են անում, պետք է հիշեն իրենց անցած պատմությունը», – ասել է Ռուստամյանը:

 

ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԵՆ
«Հայ ազգային կոնգրեսը», Հայաստանի ժողովրդական կուսակցությունը եւ «Նոր Հայաստան»-ն երեկ հանդես են եկել մամուլի համատեղ հաղորդագրությամբ, որով տեղեկացնում են մարտի 1-ին համատեղ հավաք-երթ անցկացնելու մասին: «2016 թ. մարտի 1-ին հրավիրում ենք համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008 թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի եւ որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության: Հավաքի մեկնարկը՝ Ազատության հրապարակ, 18:00: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է
«Եղել են իրավիճակներ, եւ տարբեր իրավիճակների փորձը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում ստեղծվել են տարբեր նախարարություններ»: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՏԿԱԻՆ-ի բաժանման հարցին` երեկ ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Միայն մեզ մոտ չէ, որ էսպիսի հարցադրումներ են ի հայտ գալիս: Բայց մեզ մոտ խնդիրներ կան լուծելու: Եթե մենք համագործակցության ենք գնում որեւէ ուժի հետ, դա նշանակում է պատասխանատվություն ստանձնել», – ասել է նա:

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատվիրակությանը՝ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր երկու հանրապետությունների համար:




Լրահոս