ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՊԵԼ ՆՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե ինքը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից դուրս չի եկել, սակայն երկար ժամանակ է, ինչ կուսակցության հետ որեւէ առնչություն չունի:
-Պարո՛ն Բոստանջյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք վաղուց դուրս եք եկել ԲՀԿ-ից: Այդպե՞ս է: 
-Ո՛չ, հիմա Դուք ինձ հետ խոսում եք, ես էլ ասում եմ` ո՛չ, կուսակցությունից դուրս չեմ եկել:
-Նշվում է, որ վերջին ժամանակներս Դուք ընդհանրապես կուսակցության հետ կապ չունեք, որեւէ ԲՀԿ-ականի հետ չեք շփվում եւ որոշել եք լքել կուսակցության շարքերը:
-Շփում չունենալու մասով Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ԲՀԿ-ից ,մեկուսացելե եք: Միայն այն, որ վերջին խորհրդարանական ընտրություններում Ձեզ չընդգրկեցին կուսակցության համամասնական ցուցակում, այդ պատճառո՞վ եք հիասթափվել ԲՀԿ-ից:  
-Չեմ մեկուսացել, պարզապես այնքան զբաղված եմ իմ գործերով, որ չեմ կարողանում ինչ-որ մի բանով օգուտ տալ կուսակցությանը: Հիասթափվելը, կարծում եմ, այն ինստիտուտը չէ, որ Բոստանջյանը հիասթափության դաշտում գտնվի:
-Իսկ ներկայումս ինչո՞վ եք զբաղված:
-Պրոֆեսորություն եմ անում (ծիծաղում է-Ս.Գ.):
-Վերջին շրջանում ԲՀԿ-ն եւս շատ “պասիվ” է, քաղաքական դաշտում գրեթե որեւէ գործունեություն չի ծավալում…
-Ճիշտն ասեմ, գրեթե երկու տարի ստացվեց, որ կուսակցության հետ զրոյական շփում ունեմ, ուստի  չեմ կարող ասել` կուսակցությունը ակտիվ է, թե պասիվ: Ես իմ գործերով եմ զբաղված, ու բնական է, որ ժամանակ չեմ ունենում մեծ կամ փոքր առնչություն ունենալու կուսակցության հետ: Ուզում եմ նաեւ համեմատության մեջ վերցնել բոլորի գործունեությունը քաղաքական դաշտում եւ հարցնել. իսկ մյուսներն ինչպիսի՞ գործունեություն են ծավալում: Միայն համեմատության կտրվածքով կարելի է ձեւակերպել՝ արդյոք ԲՀԿ-ն քաղաքական դաշտում գործունեություն ծավալում է, թե ոչ: Եթե մյուսներն ինչ-որ շատ հետաքրքիր բաներ են անում մեր երկրի զարգացման համար, այլ բան է, բայց եթե քաղաքական ոչ մի ուժի կողմից առարկայական մի բան չեմ տեսնում, այդ դեպքում չեմ կարող այլ բան ասել:
-Բայց ԲՀԿ-ն երբեք այդքան “տկար” վիճակում չի եղել, ինչպես այսօր, համամի՞տ չեք: 
-Կարծում եմ` ԲՀԿ-ն քաղաքական դաշտում շատ մեծ դեր է ունեցել: Ես ականատես եմ եղել ու գտնվել եմ այդ տիրույթում, ես միայն դա եմ տեսել ու արձանագրել ինձ համար: Կարծում եմ՝ որպես ազդեցիկ քաղաքական ուժ՝ այն կլինի այնպիսին, ինչպիսին մեր հասարակությունը կուզենա տեսնել: Հիմա արձակուրդային վիճակ է:
-ԲՀԿ-ականները դժգոհում են, որ վերջին ժամանակներս գրեթե անհնար է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, Դուք անձամբ փորձե՞լ եք հանդիպել նրա հետ:
-Ես մտածում եմ, որ մեծ գործունեություն ծավալած մարդ է, եւ ամեն մարդ չի կարող անընդհատ` երբ որ ուզենա, հանդիպել նրա հետ:
-Բայց Գ. Ծառուկյանը վերջերս իր կուսակիցների հետ չի շփվում, ԲՀԿ-ի գործարար հատվածը ոչ մի կերպ չի կարողանում ,կապվելե նրա հետ…
-Ես արդեն չեմ իմանում, թե ինչ է կատարվում, քանի որ իրավիճակին տեղյակ չեմ:
-Իսկ երբ Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ էիք, ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպելու, հարցեր քննարկելու հետ կապված խնդիր ունեցե՞լ եք:
-Մենք պարբերաբար հանդիպել ենք, ավելին, չի եղել այդպես, որ քաղաքական դաշտում կամ խմբակցությունից հանդիպում լինի… այլ անհատական կտրվածքով էլ անձամբ ես պրոբլեմ չեմ ունեցել հանդիպելու:
-Եվ վերջում` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը գազի սակագնի փոփոխության հարցում, ըստ Ձեզ` հնարավո՞ր չէր այնպես անել, որ բանակցությունների արդյունքում ռուսական կողմը գազի սակագինն անփոփոխ թողներ: 
-Ուրեմն գազը պատկանում է ուրիշ երկրի, այդ երկիրն այս ապրանքատեսակն իրացնում է միջազգային գներով, մեր հանրապետությունը բավական երկար ժամանակ եղել է արտոնյալ պայմաններում՝ գնային առումով: Հիմա այդ արտոնյալ պայմաններն աստիճանաբար ձգվում են հետին պլան, եւ նրանք, բնականաբար, հակված են իրացնելու այլ գնով, ինչպես իրացնում են ամբողջ աշխարհում: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ, տարբեր գործընկերությունից ելնելով, հատկապես ՌԴ-ի նման հզոր երկիրը պետք է ունենա իր շահերը: Եթե մենք հակված չենք այդ շահերը տեսնելու, բնականաբար, ինքը կարող է իր ապրանքատեսակը՝ ոչ միայն գազը, այլեւ մնացածը, իրացնել միջազգային գներով:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 570 համար




Լրահոս