Ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի` ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը դիմել է փախուստի:
Մասնավորապես` 2013թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկից դատարան  ուղեկցելուց հետո, ըստ քրեական գործի նյութերի, Հ.Հովհաննիսյանը չի կազմակերպել կալանավորի հանձնումը դատական կարգադրիչներին, փաստացի շարունակել է կալանավորի ուղեկցումը նաեւ դատարանի շենքում` պատասխանատու մնալով ուղեկցման համար, չի տիրապետել ուղեկցման երթուղու առանձնահատկություններին, այն է` դատարանի նկուղային հարկում գտնվող խցերի փականների անհուսալի լինելու հանգամանքին եւ դրանք ներսից հեշտությամբ բացելու հնարավորությանը, ինչպես նաեւ կալանավորի մշտական հսկողությունն ապահովելու համար չի հաստատել ուղեկցողների միջեւ համագործակցության կարգը, ուղեկցող խմբի ոստիկաններին պատշաճ կարգով չի նախապատրաստել առաջադրանքի կատարմանը:
Արդյունքում`   դատարանի նկուղային հարկում գտնվող երկու կալանավորներ մնացել են առանց հսկողության, ինչից օգտվելով` նրանցից մեկը` Ա.Կաբալյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործություններ` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ եւ ավազակություն կատարելու մեջ, բացել է խցի դուռը  եւ դիմել փախուստի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս