«ԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՄԱ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆոտոմոդել, դերասանուհի, հաղորդավարուհի ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ բավական անկեղծ զրուցակից է: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որպես կին՝ ինչ երազանքներ ունի, Ալինան ասաց. «Շատ-շատ եմ ուզում այս տարի վերջապես ամուսին գտնել ու Հայաստանից դուրս գնալ, արտասահմանում՝ գյուղերից մեկում, հանգիստ, պասիվ կյանքով ապրել»:
-Բոլոր բնագավառներում, որտեղ ինձ փորձել եմ, ամենից շատ հարազատ է հեռուստատեսությունը, սակայն մասնագիտությամբ հոգեբան եմ, ուղղակի այդ ոլորտում բոլորովին չեմ աշխատել: Մի տարի աշխատել եմ բորտուղեկցորդուհի, այդ ժամանակ փորձ եմ ձեռք բերել, որովհետեւ շփվել եմ տարբեր մակարդակի մարդկանց հետ: 16 տարեկանից էլ աշխատել եմ որպես ֆոտոմոդել: Բորտուղեկցորդուհի աշխատել եմ 26 տարեկանում: 17 տարեկանում ամուսնացել եմ, Մոսկվայում ապրել եմ երկու տարի, հետո իմ ամուսնուն սպանել են, ու ես որդուս հետ տեղափոխվել եմ Երեւան: Հիմա որդիս 15 տարեկան է:
-Ինչպե՞ս եք հայտնվել հեռուստատեսությունում:
-Դրանում ինձ օգնել է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը: Ես փոքր էպիզոդիկ դերում նկարվեցի «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում, եւ հայտնի ֆրազան` «ծց Չրպ ՍՈՐսՌՍ, Ցօ ՑՐցտ», ինձ համար որոշիչ դարձավ: Դրանից հետո եղան բազմաթիվ առաջարկներ: Սկզբում հայտնվեցի «Անուրջներ» սերիալում, հետո՝ «Եղբայրներ», հիմա էլ` «Մամա» սերիալում` գլխավոր դերում:
-Ինքներդ սերիալներ դիտո՞ւմ եք:
-Անպայման, շատ-շատ սիրում եմ բրազիլական սերիալները, որովհետեւ դրանք շատ գրագետ են նկարված, սյուժեն շատ հետաքրքիր է:
-Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ սերիալները տնային տնտեսուհիների համար են:
-Ես գիտեմ մի շարք բարձր պաշտոնյա տղամարդկանց, որոնք մեծ հաճույքով նայում են: Էլի եմ կրկնում՝ եթե դա ֆիլմ է ու սյուժե ունի:
-Ի՞նչ եք կարծում, կնոջ արտաքինը, այս պարագայում` Ձերը, որեւէ կերպ ազդո՞ւմ է լավ դեր ստանալու համար:
-Արտաքինը շատ կարեւոր է, չէ՞ որ հենց դա է գրավում առաջին հերթին: Հենց ինքը՝ Շերոն Սթոունը, երբ գնացել է ֆիլմի քասթինգի, սկզբում նրան չեն ընդունել, քանի որ մազերը մուգ են եղել: Այդ օրվանից նա որոշել է` պետք է լինի շիկահեր, որ աչքի ընկնի: Ու այդ կերպ էլ առաջ է գնացել: Եթե կինը տեսք չունի, ով ուզում ես եղի՛ր, նույնիսկ ամենալավ դերասանուհի, առաջարկներ շատ չես ունենա, հաստատ, որովհետեւ շարմը շատ կարեւոր է: Կնոջ աչքերի մեջ պետք է առաջին հերթին լինի կրակ, գրավչություն:
-Կա՞ մի կերպար, որ չեք խաղա:
-Օրինակ՝ հիմա մի կնոջ եմ մարմնավորել, որն իր երեխային վաճառում է, դա չեմ անի երբեք, ինձ բոլորովին նման չէ:
-Կհամաձայնե՞ք համարձակ տեսարաններում նկարահանվել:
-Ես երբեք իմ այդ սահմանը չեմ անցնի, որովհետեւ ես էսպիսին եմ, չափ գոյություն ունի, ես իմ բալանսից երբեք դուրս չեմ գալիս: Բաց մեջքս գուցե երեւա, բայց բաց տեսարաններ` ոչ: Նախ՝ ես ապրում եմ Հայաստանում, հետո էլ՝ ես ունեմ տղա երեխա ու չեմ ցանկանում, որ որեւիցե մեկը սխալ բան ասի իմ որդուն, ու նա իր մեջ վատ զգա իրեն: Եթե մենք ապրեինք Հոլիվուդում, մեր մտածելակերպն էլ ուրիշ լիներ, գուցե ես էլ այլ կերպ մտածեի: Մեր մենթալիտետը չի զարգանում, ու չեմ էլ կարծում, որ կզարգանա, կդառնա արտասահմանի նման:
-Մարդ ինչքան հայտնի է դառնում, այնքան խոսակցությունները նրա մասին շատանում են: Դուք Ձեր մասին ի՞նչ բամբասանքներ եք լսել:
-Շատ-շատ եմ լսել: Որ ես ռուս մի շարք պաշտոնյաների սիրուհի եմ: Լսել եմ, որ Լավրովի  սիրուհին եմ, գնում եմ Մոսկվա, պարբերաբար հանդիպում եմ իմ՝ այնտեղի դեպուտատ ընկերների հետ: Շատ նման անիմաստ բաներ եմ լսել: Իրականում, ես չունեմ ո՛չ սիրեկան, ո՛չ ամուսին, ու երբ կհանդիպեմ դրսի հայ կայացած, շատ լուրջ տղամարդու, կամուսնանամ: Հայաստանում ապրող տղամարդ չեմ ուզում:
-Ինչպե՞ս կարձագանքի այդ փաստին Ձեր որդին:
-Որդիս մի քանի տարի է՝ ստիպում է, որ ամուսնանամ, որովհետեւ ինքն իր պապային չի տեսել: Եթե ես բաժանված լինեի, գուցե ինքն ուրիշ կերպ նայեր այդ հարցին: Ինքը շատ է ուզում ունենալ պապա, կայացած, կայուն տղամարդ, ինչպես «Տրոյա» ֆիլմի Հեկտորի կերպարը: Որդուս հետ ես ընկերություն եմ անում, բավական ժամանակակից մամա եմ: Հիմա էլ տղայիս հետ նկարահանվում ենք նույն ֆիլմում, ինքը շատ սիրուն, տեսքով տղա է, սովորում է պարարվեստի ուսումնարանում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս