Ակտիվիստներ. Կրիմինալը ներթափանցել է Երեվանի քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է մեզ համար: Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան: Այդ մասին ասվում է մի խումբ ակտիվիստների տարաած հայտարարության մեջ:
“Մենք` ՀՀ քաղաքացիներս Երեւանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց`
1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ “Երեւանտրանս” ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող “Վճարում ենք 100 դրամ”-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը եւ Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ եւ նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ:
Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլեւ ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որեւէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:
2. Պահանջում ենք Երեւանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր եւ մանրակրկիտ արձագանքել “Վճարում ենք 100 դրամ”-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից:
Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք եւ այն տեւելու է այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը եւ Երեւանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը”,- նշել են հայտարարության հեղինակները: 




Լրահոս