ԿԱՐԵՎՈՐԸ՝ «ԿԱՄԵՐԱՆԵՐԻ ՏԱԿ ՉԸՆԿՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին տեղեկություն ստացվեց, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, մի շարժական գազագլանատակառներով ավտոմեքենա անօրինական գազալիցքավորում է կատարում: «Գազալցակայանի» հիմնական սպառողը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի վարորդն է իր Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով:
Ի՞նչ բացատրություն ունի այս ամենին ԱԺ պատգամավորը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, Ձեզ սպասարկող մեքենան Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշո՞վ է:
-Այո՛:
-Ինչպե՞ս կբացատրեք այն, որ մեքենան անօրինական գազով է լիցքավորվում:
-Ես այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել: Կարող եմ անգամ Ձեզ ինքնաթիռի տոմսն էլ ցույց տալ: Նոր եմ վերադարձել Հայաստան: Վարորդս էլ գնացել է, մի տեղից գազ է լցրել: Էդ մարդու մեքենան, որ գազով է, կարո՞ղ է գնա, բենզին լցնի, որտեղ պրծել է, այնտեղ էլ լցրել է: Գիտեք, եթե անկեղծ խոսեմ, ես այդ մեքենան այդքան էլ հաճախ չեմ նստում: Հիմնականում իմ մեքենան եմ վարում: Այդ մեքենայից թոռներս են օգտվում, նրանց դասի են տանում կամ սպորտի դասընթացների: Հիմա դրա մեջ ի՞նչ վատ բան կա, տղա է, գազը պրծել է, այդտեղից է լիցքավորել:
-Իսկ Ձեր վարորդը հաճա՞խ է այսպիսի անհայտ ծագումով վայրերից գազ լիցքավորում:
-Դե ես քիչ եմ նստում այդ մեքենան: Դե հիմա որ նստում եմ, ի՞նչ իմանամ՝ նա որտեղից է գազ լցնում: Պատկերացրե՛ք, որ տեղ եմ գնում, ու գազը պրծնում է: Մտնում ենք գազ լիցքավորելու տեղը, ի՞նչ իմանան՝ այդ տեղն օրինական է, թե ոչ:
-Ուզում եք ասել՝ պատահակա՞ն է եղել, եւ Դուք անօրինական բիզնեսի զարգացման կողմնակի՞ց չեք:
-Այո՛, պատահական է եղել: Կամ ասենք, եթե այդ ժամանակ ես այնտեղ լինեի, ի՞նչ է, հանցագործությո՞ւն եմ արել:
-Ի վերջո, մտադի՞ր էլ չեք այս աղմուկից հետո պատժել Ձեր վարորդին, որ ավելի զգոն լինի եւ Ձեր անվան հետ չխաղա:
-Լավ, ասենք պատժեցի, գյուղացիք ի՞նչ կասեն ինձ: Բա չե՞ն ասի, թե հիմա տղա էր, գնացել էր, մի բան էր արել: Գիտեք, ուղղակի կարելի է վարորդին զգուշացնել, որ էլ կամերաների տակ չընկնի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս