ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՉԱՓ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի է, որ ՀՀ կառավարության ծրագրի հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: Ավելին, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի զգալի մասը հենց տարածքների համաչափ զարգացմանն էր նվիրված, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Դիլիջանը, Գյումրին եւ Ջերմուկը զարգացնելու ծրագրերի տխուր վախճանը հայտնի է բոլորին: 
Ի վերջո, մարզերի համաչափ զարգացման համար աշխատանք արվե՞լ է, թե՞ ոչ: Առաջնահերթ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ չհեռանան իրենց տներից: 
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջում ՀՀ կառավարության 2012-2017թթ. տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ նշված է հետեւյալը. “…Իրականացվելու է Երեւանի բեռնաթափման համալիր ծրագիրը՝ պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ իրականացնելով հանրապետության մյուս տարածքներում, բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում, պետական աջակցության տարբեր ձեւերի կիրառմամբ, կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը, սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացվելու են հատուկ օժանդակության ծրագրեր”:
Իսկ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման մասով նշված է հետեւյալը. “Գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով կառավարության ջանքերն ուղղվելու են՝ գյուղական աղքատության կրճատմանը, մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը, գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները, գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը”:
Մինչդեռ առկա պատկերը ցույց է տալիս, որ անցած  ամիսների ընթացքում  կառավարության կողմից գրեթե ջանքեր չեն գործադրվել վերը նշված ծրագրային դրույթների իրականացման համար: ՀՀ Սյունիքի մարզի Օխտար համայնքում վերջին երեխան ծնվել է 2002թ.: Համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանի խոսքով՝ գյուղացիները սոցիալապես շատ անապահով պայմաններում են ապրում, գյուղում միայն 3 ընտանիք է օգտվում “Փարոս” համակարգից: Այս պահին Օխտարում բնակվում է 22 ընտանիք, իսկ դպրոցի աշակերտները 7-ն են: “Գյուղում երիտասարդություն չկա, գյուղը ծերացած է: Երիտասարդները լքում են գյուղը”,-ահազանգում է գյուղապետը:
Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ջրագծի բացակայության պատճառով բնակիչները խմելու ջուր չունեն: Գյուղապետարանն ունի ջրի մի ցիստեռն, որի տարողությունը 3.8 տոննա է: Դրանով շաբաթը մեկ անգամ Երվանդաշատ համայնքից գյուղապետարանի աշխատակիցը ջուր է բերում եւ ամեն ընտանիքին տալիս 250 լիտր: Համայնքապետարանի բյուջեն չի բավականացնում ջրագիծ քաշելու համար:
Իսկ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանչ համայնքում այս պահին 20 ընտանիք է ապրում: Դպրոցի աշակերտների թիվը 23 է` նախկին 123-ի փոխարեն: Կանչի համայնքապետ Մրազ Բշարյանի կարծիքով՝ աշակերտների թվի նվազման պատճառը գյուղում առկա արտագաղթն է. “Անցյալ տարի հինգ ընտանիք մեկնեց գյուղից, իսկ այս տարի երկու ընտանիք պատրաստվում է մեկնել: Հիմնականում ջրի խնդրի եւ սոցիալապես ծանր պայմանների պատճառով են մեկնում”:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 36 ընտրատարածքից ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մուշեղ Պետոյանի կարծիքով՝ Երեւանի համեմատ մարզերի զարգացվածությունը շատ փոքր է. “Իրականում մարզերում, գյուղերում իրավիճակը շատ վատ է, դա փաստ է, դա բոլորն էլ տեսնում են: Հիմա կառավարությունն արոտավայրերի բարելավման համար ծրագիր է իրականացնում. սա գոնե ինչ-որ ձեւով կմեղմի մարզերում առկա վատ վիճակը: Եվ սրա հետ կապված՝ ժողովրդի մոտ փոքր հույսեր են արթնացել, որը, իհարկե, շատ քիչ է: Դեռ շատ բաներ կան անելու”:
Նա նաեւ ընդգծեց. “Մարզերում նախ եւ առաջ պետք է լուծվի աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Մարդիկ աշխատանք չունեն, դա է խնդիրը, ապա՝ գյուղատնտեսությունը պետք է զարգանա, որպեսզի մարդիկ կարողանան ապրել: Ոչ ոքի համար հաճելի չէ երկրից հեռանալ եւ օտար երկրում աշխատանք փնտրել, բայց խեղճերը ստիպված են, ի՞նչ անեն: Հակառակը՝ գյուղացին աշխատասեր մարդ է, պայմաններ եղան, կաշխատի: Նույնիսկ ինքն է խնդրում, որ աշխատի: Բոլորն էլ գիտեն, թե ինչ խնդիրներ կան, ինչ պետք է արվի, իսկ թե որ մեկն ինչի համար չի արվում, դա չեմ կարող ասել: Գուցե քիչ է արվում”:
Արթիկցի պատգամավորը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ աղքատության, անգործության ցուցանիշներով ՀՀ մարզերից առաջին տեղում է Շիրակը. ,Մեզ մոտ մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, փոխարենը կաթի ինքնարժեքն է շատ ցածր: Բացի այդ, անասնակերը՝ խոտը, թանկ է, եւ գյուղացու համար այն ձեռք բերելը դժվար է դարձել: Գոնե Արմավիրի մարզի բնակիչները հողագործությամբ են զբաղվում եւ կարողանում են իրենց ծիրանը, բերքը վաճառել, բայց մեզ մոտ դա էլ չկաե:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ առկա իրավիճակի վերաբերյալ բոլորովին այլ՝ լավատեսական  գնահատականներ է ներկայացնում: Նրա խոսքով` իր ղեկավարած մարզում առկա խնդիրներն աստիճանաբար լուծվում են. ,Մեր մարզում երկրի նախագահի եւ կառավարության կողմից այս վերջին տարիների ընթացքում մեծ ծրագրեր են կատարվել, եւ բավական մեծ արդյունք կա: Մեր մարզում արտագաղթ չկա, մարդիկ միայն սեզոնային աշխատանքի են մեկնումե: 
Մարզերի համաչափ զարգացման մասին “Ժողովուրդ”-ը զրուցեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ. “Ինձ ոչինչ հայտնի չէ մարզերի համաչափ զարգացման կապակցությամբ իշխանությունների գործունեությունից: 2012-ի նոյեմբերին՝ պետբյուջեն քննարկելիս, իմ կողմից առաջարկվել է ՏԻՄ մարմիններին բյուջե տալ, որոշ հարկեր կցել նրանց: Առաջարկը մերժվել է: Ներկայումս ՀՀ-ում ՏԻՄ չկա, այդ կառույցները բյուջե չունեն, նրանք իրենց եկամուտների 75 տոկոսը ստանում են Երեւանից: Սա բերում է տնտեսության, բնակչության կենտրոնացմանը Երեւանում, խրախուսում է արտագաղթը”:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ 2011թ. կառավարության պահուստային ֆոնդից մարզերին ընդհանուր առմամբ  հատկացվել  է 20 մլրդ դրամ,  2012-ին՝ 20 մլրդ դրամ, իսկ 2013-ին՝ 800 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 593 համար




Լրահոս