Ով է իր նորածնին վաճառած կինը. մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի 36-ամյա Ալլա Կարապետյանին:

Վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ:

ArmLur.am-ը կասկածյալ կնոջ մասին տեղեկություններ փորձեց ճշտել Արուճի համայնքապետ Բագրատ Մարտիրոսյանից: Վերջինս նշեց, որ Ալլա Կարապետյանը իրենց գյուղի բնակիչ չէ, որոշ ժամանակ առաջ Արուճում աշխատել է որպես կթվորուհի: Ամուսինը 2 տարի է` գտնվում է Ռուսաստանում` մեկ ուրիշ կնոջ հետ: «Տան դռները երկար ժամանակ է` փակ են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը պարզեց, որ կինը թեև չի բնակվում Արուճում, այդուհանդերձ, նա այդ համայնքի բնակիչ է համարվում:

Տափերականի համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի փոխանցմամբ` գյուղում այսօր է տարածվել կատարվածի մասին լուրը, և դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Վերջում հավելենք, որ ըստ նախնական տեղեկությունների` կինը վաճառել է իր նորածին երեխային Երևանի 57-ամյա բնակչուհի Գոհարիկ Խաչատրյանի միջոցով: Առուվաճառքը կայացել է 5 հազար ԱՄՆ դոլարի դիմաց: Երեխային գնել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանը:

shamshyan.com-ի փոխանցմամբ` Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ որպես բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանը` Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ:

«Արամյանց» ԲԿ-ից որևէ բան ճշտել չհաջողվեց: Այդպես էլ անհայտ մնաց` ինչպես է ստացվել, որ իրենց բուժքույրը երեխայի առքուվաճառքի մասնակից դարձել:

Ի դեպ, նշված անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս