ԹԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2015թ. պետական բյուջեի եկամուտների 91.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1067.9 մլրդ դրամ եւ 93.6%-ով ապահովել ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 1035.5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 32.4 մլրդ դրամը՝ պետական տուրքերը: Այս ցուցանիշները երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա՝ հարկահավաքման թերակատարման գործոններն օբյեկտիվ են՝ ներմուծումների կրճատում, ԵՏՄ եւ տարածաշրջանային զարգացումներ: Oրինակ՝ եթե ցորենը, անվադողերը բերվում էին երրորդ երկրներից, եւ 32% շահույթ էինք ունենում, սկսեցին ներմուծել ԵՏՄ-ից եւ վճարումները կրճատվեցին: Ալավերդյանի խոսքով՝ օրենսդրությունը նույնպես ազդել է, թեեւ փորձել են վարչարարությամբ ետ բերել մի մասը, օրինակ` շրջանառության հարկի շեմը բարձրացվեց 115 մլն, որի պատճառով 3.8 մլրդ դրամի կորուստներ եղան, արտոնություն տրվեց ընտանեկան բիզնեսին, շահութահարկի գծով կան արտոնություններ, որ ընդհանուր 18 մլրդ դրամի ազդեցություն ունեցավ, նաեւ ՀՆԱ-ի աճի սպասումները նվազեցվեցին: «ԵՏՄ-ի անդամակցությունը, փաստորեն, վնասից բացի՝ այլ բան չի բերել»,-արձանագրել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել է, թե ԵՏՄ-ն չէ պատճառը, որ ցուցանիշները վատն են, այլ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ-ին լուրջ հնարավորություններ է տալիս. «Նենց չի, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրները, օրինակ՝ Մոլդովան, շատ լավ են ապրում»:




Լրահոս