«ՄԻԱՍԵՐ ՉԵՄ, ԲԱՅՑ ՀԱՃԱԽԱԿԻ ԷԼ ՉԵՄ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով ձեզ արդեն ծանոթ դեմքերը կներկայանան նորովի: Հարցվողները կխոսեն իրենց անձնական կյանքից, կկիսվեն իրենց մտահոգություններով, վախերով, ուրախություններով, երբեմն նաեւ` գաղտնիքներով: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստ, «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված եւ գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» եւ այլ ֆիլմերից, այժմ արդեն «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան, մի շարք հիթերով աչքի ընկած երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ:

-Արսե՛ն, օրը բացվելուն պես առաջին բանը, որի մասին մտածում եք:
-Երջանկության, որն արդեն ունեմ, բայց առավել մեծը դեռ պետք է գա:
-Անգամ ամենազբաղված պահերին միշտ հասցնում եք…
-Քնել. դա հաստատ անում եմ (ծիծաղում է):
-Երեւույթներ, որոնք կարող են հունից հանել Ձեզ:
-Ինձ ոչ այնքան հունից հանում, որքան հուսահատեցնում է անզգուշությունը մարդկային հարաբերություններում: Ինչ վերաբերում է հունից դուրս գալուն, չէ, ի՞նչ կարիք կա… Գուցե ինձ ինչ-որ բաներ զայրացնեն, բայց դա կարճ է տեւում: Ես շուտ եմ ներում, եւ, կարծում եմ, շուտ էլ մոռանում եմ կատարվածը:
-Երբեմն կարող եք անհանդուրժող լինել…
-Դե, օրինակ` գռեհկության նկատմամբ: Դա կարող է արտաքնապես չերեւալ, բայց ներքուստ դիսկոմֆորտ է ստեղծում:
-Հանգստի` Ձեր նախընտրելի տարբերակը:
-Յուրաքանչյուր տարբերակի համաձայն եմ, միայն թե հանգստանամ (ծիծաղում է): Իհարկե, ինձ համար առավել նախընտրելի է լինել բնության գրկում, կլինի` անտառ, թե ծով: Այդտեղ ես լիարժեք կերպով հանգստանում եմ:
-Մարդկային որակներից ամենագնահատելին համարում եք…
-Բարությունը, ընկերասիրությունը, կենսախինդ լինելը, կյանքը սիրելու հատկությունը:
-Հատկանիշներ, որոնք նկատել եք ցանկացած կնոջ մոտ:
-Անմնացորդ սիրված, գնահատված լինելու ցանկությունը, ուշադրության կենտրոնում լինելու ձգտումը:
-Իսկ որակներ, որ բնորոշ են ցանկացած տղամարդու:
-Կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելու միտումը, շարժիչ ուժ լինելը:
-Հաճա՞խ եք սիրահարվում:
-Չեմ կարող ասել, թե միասեր եմ, բայց հաճախակի էլ չեմ սիրահարվում: Իսկ, առհասարակ, սիրելու դեպքում շատ նվիրվող տեսակ եմ:
-Սիրո տված վերքերի դեմ Ձեր դարմանը:
-Դա ժամանակն է: Որոշ ժամանակ անց հիշում եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ, որոնք ցավ են պատճառել, եւ ասում եմ` ինչ հետաքրքիր է կյանքը. երբեւէ չես ունենում նույն էմոցիաները, որոնք ժամանակին ունեցել ես:
-Միշտ վախեցել եք, որ…
-Իմ վախերը փոփոխական բնույթ են կրում, բայց աստիճանաբար չեզոքանում են: Սիրո մեջ վախ չկա, իսկ ես ապրում եմ սիրո իրականության մեջ:
-Անձնական կյանքում Ձեզ համարում եք…
-Երեւի թե երջանիկ մարդ: Առհասարակ, էմոցիաներով հարուստ անձնական կյանքով եմ ապրում:
-Անգամ ամենահուսահատ պահերին միշտ հիշում եք, որ…
-Աստված սեր է, եւ ես ունեմ այդ անմնացորդ սերը իմ կյանքում:
-Գրական հերոս, որը միշտ հետաքրքրել, հիացրել է Ձեզ:
-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը: Ինձ շատ է դուր գալիս հատկապես Փոքրիկ իշխանի այն հատկությունը, որ նա չի դադարում զարմանալ. դա բավական կարեւոր հատկանիշ է:
-Երազանք, որը եկել է մանկուց:
-«Օսկար» ստանալը: Սա, թերեւս, ոչ այնքան մանկուց, որքան պատանեկությունից եկած երազանք է:
-Վայրկյաններ, որոնք մի ամբողջ կյանք արժեն:
-Հենց այս վայրկյանները: Այսինքն` կյանքի ամեն մի պահը:

 

 

 
«ВСЕМ НЕ ДО ЭТОГО». ՍԵՊՈՒՀ ԱՊԻԿՅԱՆ

«Վերվարածները», «Բանակում» հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հանրությանը հայտնի, հիմնականում հումորային դերերով աչքի ընկած դերասան Սեպուհ Ապիկյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Հեռուստադիտողների մի ստվար զանգված կարոտել է նրա` հարազատ դարձած կերպարներին:

«Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվեց` որն է նրա «անհետանալու» պատճառը: Ս. Ապիկյանի խոսքով` մեր երկրում ապրիլյան վերջին պատերազմից հետո արվեստի, հատկապես կինոյի կամ թատրոնի «հավեսն ու ժամանակը չկա»: Նրա համոզմամբ, շատ հավանական է, որ այս լարված ժամանակահատվածում այն բնույթի նախագծերը (հիմնականում` հումորային-հեղ.), որոնց շրջանակում ինքը հանդես է եկել, քարկոծվեն: Բացի այդ, ըստ նրա՝ նման նախագծերին պետությունը հազիվ թե աջակցի, քանի որ, ինչպես դերասանն է նկատում՝ «Всем не до этого»:
Այն հարցին, թե արդյոք նա նոր նախագծերում ընդգրկվելու հրավերներ ստանում է, դերասանը պատասխանեց. «Այսօր պրոֆեսիոնալ դերասանի պահանջարկը խիստ նվազել է, քանի որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը «դերասան է»: Ի՞նչ կարիք կա հրավիրել մասնագետների, եթե կարելի է փողոցից հավաքել սիրողական դերասանների եւ նկարահանել որեւէ դատարկ սերիալ: Ինքս արդեն չեմ ցանկանում լինել այդ «էկրան» կոչվածին, քանի որ շատ քիչ են որակյալ նախագծերը: Եթե ստանամ ինձ հետաքրքրող առաջարկ, միգուցե համաձայնեմ աշխատել: Մեզ մոտ այդ առումով ընտրության լայն հնարավորություն չկա, սակայն գոյություն ունի մասնագիտական եւ, այսպես ասած, մարդկային էթիկա, որին հարկավոր է հետեւել»:
Նա հավելեց, որ առաջարկ է ստացել նկարահանվելու «Շարմ» ընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարի 2-րդ եթերաշրջանում. «Կարծում եմ` նկարահանումները մեկ ամսից կսկսվեն, եւ ֆիլմաշարը եթեր կհեռարձակվի աշնան սկզբին»,- եզրափակեց դերասանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով հունիսի 4-ին Երեւան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի` Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամից: Երաժշտական այս իրադարձությանը հետեւելու համար Երեւան կժամանեն նաեւ երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ անձինք, արվեստի կառավարիչներ, ովքեր հնարավորություն կունենան մրցույթի շրջանակներում հայտնաբերելու երիտասարդ տաղանդների։
Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, ովքեր հունիսի 6-14-ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

 

 

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
Մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը:
Հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի եւ Ռուսաստանի էստրադայի մեներգիչների եւ երաժշտական խմբերի կատարմամբ:
Մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչեւ տարեվերջ Ռուսաստանում, Հայաստանում եւ այլ երկրներում՝ եզրափակվելով դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով:

 

 

 

ՎՈԼՈՉԿՈՎԱՆ ՈՒ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2017»-Ը
Բալետի ռուս պարուհի ու հեռուստաաստղ Անաստասիա Վոլոչկովան հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի համար, որն անցկացվելու է Ուկրաինայում: Պարուհին, ըստ երեւույթին, մտադիր է հանձնաժողովի անդամների համակրանքը նվաճել իր շպագատով։
«Դուք կարծում եք, թե Եվրոպան կկարողանա՞ «ոչ» ասել իմ շպագատին, որի մասին արդեն բոլորը գիտեն: Երբե՛ք: Իմ շպագատը իմ հպարտությունն է: Հանձնաժողովի ոչ մի անդամ չի կարողանա չգնահատել այն»,- News.am style-ի փոխանցմամբ` ասել է պարուհին Sobesednik-ին:




Լրահոս