ՊՊԾ-Ն «ՈՒՂԵԿՑՈ՞ՒՄ» Է ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածն ամեն օր հսկվում է  ՊՊԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացիների խոսքով` Երեւանի Գայի արձանին հարակից պուրակի եւ շատրվանների մոտ մի նեղ ճանապարհ կա, որտեղով Ա. Կարապետյանը գնում է տուն: Եվ ահա հենց այդ ճանապարհի մոտ էլ ամեն օր՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքվում են ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում լինել այդ տարածքում կամ կայանել իրենց մեքենաները` պատճառաբանելով, թե Երեւանի ոստիկանապետն է անցնում, եւ իրենք պետք է ճանապարհն ազատ պահեն:
Ըստ մեր զրուցակիցների՝ ՊՊԾ աշխատակիցները վարորդներին անտեղի կանգնեցնում են եւ ՃՈ աշխատակիցներին «կանչում»՝ նրանց տուգանելու` նշելով, որ ոստիկանապետը պետք է տեսնի, թե իրենք ինչպես են աշխատում: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից:
-Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան 8:00-ին, իսկ տուն եմ գնում շատ ուշ` 12-ից հետո, իմ ռեժիմն ամեն օր է այդպես: Կարող եք ամեն օր գալ ու տեսնել. ես ո՞նց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է: Մինչեւ Երեւանը չհանգստանա, ես տուն չեմ գնում: Դա իմ աշխատանքային գրաֆիկն է:
-Իսկ Դուք նկատե՞լ եք Ձեր տան ճանապարհի այդ հատվածում մշտապես հավաքվող ՊՊԾ աշխատակիցներին, որոնք սպասում են Ձեր անցուդարձին:
-Գիտեք ի՞նչ, ես Ձեզ հիմա ասեմ. այնտեղ ֆանտաններ կան, հենց այդտեղ ՊՊԾ երթուղի կա, ու բոլոր մարդաշատ վայրերում մենք ունենում ենք երթուղիներ: 8-րդ Մասիվում էլ ունենք, Կենտրոնում եւս բազմաթիվ տեղերում նման երթուղիներ կան:
-Բայց հենց ՊՊԾ աշխատակիցներն են շեշտել, որ իրենք հատուկ Ձեզ համար են կանգնել, որպեսզի Դուք անցնեք ու տեսնեք, թե իրենք ինչ աշխատանք են կատարում:
-Դուք կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ որ օրն է եղել, եթե օր նշեք, ես կարող եմ պատժել իրենց: Ես հենց հիմա խստագույնս կզգուշացնեմ, որ պատժեն, եթե նման բան են հայտարարում: Անկեղծ եմ ասում, ես հենց հիմա կհանձնարարեմ, որ զբաղվեն այդ ամենով: Այժմ կայանատեղիների հետ կապված՝ այն հատվածներում, որտեղ չպետք է մեքենաները կայանեն, լուրջ աշխատանքներ են կատարվում, հիմա, հնարավոր է, նման մի դեպք է գրանցվել: Բայց հավատացա՛ծ եղեք, ես կզբաղվեմ՝ պարզելու համար իրականությունը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս